
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագիր կնքվի, Միացյալ Նահանգները կարող է առաջատար դեր ստանձնել պոտենցիալ «բուֆերային գոտու» մոնիթորինգի գործում, իսկ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան կամ Բանգլադեշը, զորքեր կարող են մտցվել այն պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով Վաշինգտոնի և Ուկրաինայի դաշնակից երկրների ռազմական ներկայացուցիչների կողմից քննարկվող ծրագրին ծանոթ աղբյուրներին:
Հեռուստաալիքը նշում է, որ բուֆերային գոտին կարող է լինել ապառազմականացված տարածք, որի սահմանները դեռևս որոշված չեն: Միացյալ Նահանգները կարող է հսկողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերի և արբանյակների միջոցով:
Ծրագիրը մշակվել է օգոստոսի կեսերին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումից հետո և Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքների մաս է կազմում:
Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ փաստաթղթի հեղինակները ամեն ինչ անում են՝ խուսափելու ՆԱՏՕ-ի ուժերի կամ դաշինքի հետ կապված որևէ բանի ներգրավումից, քանի որ սա Մոսկվայի համար «կարմիր գիծ» է: