Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետե կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հերակլիոնի քաղաքապետ Ալեքսիս Կալոկերինոսի հետ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեռևս բյուզանդական ժամանակներից Հերակլիոնում հայկական համայնքի գոյությանն ու ակտիվ գործունեությանը, ինչպես նաև հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին։

 

Նշվել է, որ հայ համայնքը, պահպանելով իր առանձնահատկությունները, մինչև օրս ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն Հերակլիոն քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքում, այլև ամբողջ Հունաստանում։

 

Դեսպան Մկրտչյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով դրանց կարևոր նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

 

Հերակլիոնի քաղաքապետը նշել է, որ առանձնակի ուշադրությամբ է հետևում Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է լավ հարաբերություներ և խաղաղ գոյակցություն հաստատել հարևան երկրների հետ։

 

Քննարկվել են Հերակլիոնի քաղաքապետարանի և հայկական քաղաքների միջև համագործակցություն հաստատելու հնարավոր ուղղությունները։

110