
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին Մոսկվա կինոթատրոնում մասնակցել է «Շնորհավոր, աղջիկ է» սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ֆիլմի պրեմիերային և հանդես եկել բացման խոսքով։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
«Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին:
Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար մտահոգիչ խնդիր՝ չնայած դրա դեմ պայքարին ուղղված առանձին քայլերին։
«Չնայած ձեռնարկված քայլերին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դեռևս մարտահրավեր են մարդու իրավունքների և գենդերային հավասարության երաշխավորման տեսանկյունից։ Պատճառները տարբեր են․ սեռով պայմանավորված կարծրատիպերը, տղա ունենալու գերակայող նախապատվությունը, ընտանիքի ներսում առկա և միջավայրային ճնշումները և այլն։
Ուզում եմ հատուկ արձանագրել, որ մեր շուրջը բազմաթիվ մարդիկ են ապրում, ովքեր բախվում են նշված խնդրին, ում ճակատագրերի վրա այդ երևույթը լուրջ ազդեցություն է ունենում: Փաստն այն է, որ մենք հաճախ չենք նկատում այս մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները:
Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլ նաև բարձրացնենք հարցին առնչվող հանրային իրազեկվածությունը և ցույց տանք խնդիրը որևէ կերպ վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն: Այս համատեքստում մեծ է նման նախաձեռնությունների դերը»,- ասել է Անահիտ Մանայանը:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին և Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
«Հուսով եմ, որ այն կդառնա կանխարգելիչ ազդակ և յուրաքանչյուրի համար խորհելու առիթ։ Մաղթում եմ բոլորին բովանդակալից կինոդիտում»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:
Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը։