

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հաստատել է Վանաձորում, Գեղակերտում և Շամուտում մարզադպրոցների կառուցման և վերանորոգման նախագիծը։ Դպրոցները կկրեն ՀՀ անվանի մարզիկներ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի, Յուրի Սարգսյանի և Ստեփան Սարգսյանի անունները։
Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բխում է կառավարության՝ սպորտի զարգացման ռազմավարությունից։
«Մենք նպատակ ունենք զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և միաժամանակ գնահատելու մեր անվանի մարզիկների փորձն ու վաստակը։ Դրանով խրախուսում ենք նաև երեխաներին սպորտով զբաղվելու»,- նշել է Անդրեասյանը։
Նախագծի շրջանակում Վախթանգ Դարչինյանը, Յուրի Սարգսյանը և Ստեփան Սարգսյանը պատրաստ են Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել իրենց սեփական հողատարածքները՝ Վանաձոր քաղաքի Զորյան փողոցում։ Դրանց հիման վրա կկառուցվի բռնցքամարտի մարզադպրոց, որը կկրի Վախթանգ Դարչինյանի անունը։
Միևնույն ժամանակ, համաձայն պայմանավորվածության՝ Յուրի Սարգսյանի նվիրաբերած հողամասի փոխարեն կվերանորոգվի «Յուրի Սարգսյանի անվան Գեղակերտի մանկապատանեկան մարզադպրոցը», իսկ Ստեփան Սարգսյանի նվիրաբերած հողամասի փոխարեն մարզադպրոց կկառուցվի Լոռու մարզի Շամուտ համայնքում։
Նախագծի ընդունումից հետո նոր մարզակառույցը որպես ՀՀ սեփականություն կամրացվի ԿԳՄՍ նախարարությանը և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին։
Վախթանգ Դարչինյանի անվան մարզադպրոցի շինարարության ֆինանսավորումը նախատեսվում է ներառել 2026-2028 թթ․ ծրագրում։