Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 11-ին Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր երկամյա անդամակցությունը։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:

 

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր պաշտոնավարել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում, իր ներդրումն ունենալ ԱԷՄԳ նպատակների իրագործմանը և նպաստել կենսականորեն կարևոր մանդատի պահպանմանն ուղղված ջանքերին։ Դեսպան Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել անցնող տարվա ընթացքում Կառավարիչների խորհդրի փոխնախագահի պաշտոնում աշխատելու հնարավորության և վստահության համար։

 

Ընդգծվել է, որ Հայաստանը ակտիվ և կառուցողական մասնակցություն է ունեցել Կառավարիչների խորհրդում ընթացող քննարկումներին և որոշումների ընդունմանը, որոնք ձևավորել են ԱԷՄԳ գործունեությունը մարտահրավերներով լի գլոբալ միջավայրում։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանն առաջնորդվել է օրակարգային հարցերի և խնդիրների՝ դիվանագիտության, երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա հասցեագրման հրամայականով:

 

Շեշտվել է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ԱԷՄԳ նպատակներին և սկզբունքներին, վերահաստատում է շահագրգիռ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու և երկխոսությունը խթանելու իր պատրաստակամությունը և կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից։

 

Հայաստանի մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Կառավարիչների խորհրդի նախագահին, ԱԷՄԳ գլխավոր տնօրենին, գործընկերներին և քարտուղարությանը համագործակցային աշխատանքի համար:

67