Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջանքերի համախմբմամբ կարևոր համագործակցության համար: «Պետություն-մասնավոր համագործակցությամբ շատ կարևոր ծրագիր ենք սկսել, որտեղ համախմբվել է նաև փորձագիտական ներուժը՝ ներգրավելով լավագույն մասնագիտական ռեսուրսը: Սա նշանակում է, որ լեզվի զարգացումը պետական և հանրային օրակարգում է, և մենք առաջիկայում քննարկումներ ենք ունենալու պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընթացի իրականացումը:

«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ևս կարևորել է համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունը դրա շարունակականության ապահովման գործում:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաև համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև:

Կողմերն ընդգծել են գործընթացի մեկնարկով պայմանավորված ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը միտված է նաև հայերենի՝ որպես պետական լեզվի զարգացման խթանմանը:

76