
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 17-ը Բուժառուի անվտանգության համաշխարհային օրն է:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս տարվա կարգախոսն է՝ «Բուժառուների անվտանգությունը կյանքի սկզբից»: Այն նվիրված է յուրաքանչյուր նորածնի և երեխայի համար անվտանգ բուժսպասարկման ապահովմանը, հատկապես` կենտրոնանալով ծննդյան պահից մինչև ինը տարեկանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրվա խորհրդով մշակել է անվտանգության ապահովման կոչեր:
Ծնողներին
Եղե՛ք ձեր երեխայի անվտանգության հովանավորը:
Տեղեկացվա՛ծ եղեք:
Ակտիվ մասնակցեք երեխայի բուժսպասարկման ընթացքում որոշումների կայացմանը:
Հայտնե՛ք ձեր կարծիքը: Եթե ինչ-որ բան այնպես չէ, բարձրաձայնե՛ք:
Դպրոցահասակ երեխաներին
Տեղեկացրե՛ք, եթե լավ չեք զգում, ցավ ունեք կամ ինչ-որ առողջական խնդիր անհանգստացնում է ձեզ, մանրամասն նկարագրե՛ք, թե ինչ եք զգում:
Հայտնե՛ք բժշկին կամ բուժքրոջը ձեր ալերգիաների մասին:
Հարցրե՛ք, թե նշանակված դեղերը ինչի՞ համար են:
Եթե վնասվածք եք ստացել, հարցրեք` ինչպես այն մաքուր պահել մինչև լավանալը:
Պահպանե՛ք հիգիենայի նորմերը. հաճախ լվացե՛ք ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակե՛ք բերանը կամ օգտագործե՛ք անձեռոցիկ ու անմիջապես գցե՛ք աղբամանը:
Բուժաշխատողներին
Տրամադրե՛ք անվտանգ և երեխայակենտրոն խնամք. համապատասխանեցրե՛ք բուժօգնությունը երեխայի տարիքին, քաշին և զարգացման փուլին:
Մինչև ցանկացած միջամտություն իրականացնելը ստուգե՛ք ալերգիաների առկայությունը:
Սերտ կապեր ստեղծե՛ք ծնողների, խնամակալների և երեխաների հետ: Երեխաներին ներառե՛ք բուժման հարցերում որոշումների կայացման մեջ:
Բարձրաձայնե՛ք անբարենպաստ պատահարների մասին և մասնակցե՛ք դրանց կանխարգելման վերաբերյալ քննարկումներին: