Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ՀԷՑ-ի 70% բաժնետիրոջ ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին, որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ եմ տալիս արգելել ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին գլխավոր տնօրենի տեղակալ - իրացման տնօրեն Դ.Ղազինյանին՝ այսուհետ մասնակցելու ՀԷՑ-ին առնչվող հարցերով ասուլիսների, ճեպազրույցների եւ հարցազրույցների։

Վերջինս իր մերկապարանոց, անհիմն եւ մանիպուլատիվ պնդումներով քանիցս փորձ է անում հանրությանն ու լրատվամիջոցներին մատուցելու խեղաթյուրված եւ կանխակալ «տեղեկատվություններ», դրանով գուցե ջանալով արդարացնել ՀԷՑ-ում գրեթե երկու տասնամյակ ձգված նախկին պաշտոններում իր գործուն «անգործությունն» ու փորձելով քողարկել իր մակերեսային տեղեկացվածությունն ու միջակ գիտելիքները էներգետիկական ու կառավարման ոլորտներում՝ մասնավորապես, ՀԷՑ-ին առնչվող պարզ-կառավարչական կարողությունների առումով։

Սակայն այդ կերպ նախկին պաշտոնյան ոչ միայն «արջի ծառայություն» է մատուցում իր նախկին գործատուներին, այլ նաեւ ուղիղ ռեպուտացիոն ռիսկեր է գեներացնում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերի համար, ում նկատմամբ մեր հանրության մոտ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից ամենագլխավորն է՝ ինչպե՞ս են այդ մասշտաբի խոշոր գործարարներն այս անձին վստահել ՀԷՑ-ի նման կարեւորագույն ռազմավարական ընկերությունում նման ազդեցիկ պաշտոններ, ընդհուպ մինչեւ՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը։

Փաստորեն, գուցե այդքան «թքած են ունեցել» ՀԷՑ-ի վրա…

Եւ մեկ կարեւոր հորդոր Նարեկ Կարապետյանին՝ առաջարկում եմ հարց ուղղել եւ փորձել պարզել տվյալ սուբյեկտից, թե ինչու՞ վերջինս իր ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում խուսափել է ստորագրել ՀԷՑ-ի 2025 թվականի Ներդրումային Ծրագրի Կատարողական-Ակտերը, որոնք ներկայացրել են նույն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող կամ սեփականատերերի ու բարձր ղեկավարության հետ ուղիղ փոխկապակցվածություն ունեցող կապալառու ընկերությունները. արդյո՞ք դա նշանակում է, որ նույնիսկ ինքը՝ «Տաշիր»-ի սեփականատերերի վստահությունը վայելող ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր պաշտոնավարման ընթացքում չի վստահել նույն «Տաշիր» խմբի փաստացի մաս հանդիսացող ընկերություններին եւ նրանց կատարած աշխատանքի դիմաց պատրաստ չի եղել իր ստորագրությամբ ֆինանսավորում իրականացնելու ՀԷՑ-ից…

Ես այդ հարցի պատասխանն այլեւս ունեմ, սակայն շատ կցանկանայի, որ իրենք՝ «ՀԷՑ» ՓԲԸ սեփականատերերն էլ ստանային սպառիչ պատասխաններ իրենց «վստահելիներից»՝ ելնելով սեփականատերերի օրինական շահերի նկատմամբ իմ ունեցած ինստիտուցիոնալ հանձնառությունից…

Հավելեմ նաեւ, որ որպես «ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ՝ Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահին ուղղված աշխատանքային հանդիպման հրավերս դեռեւս մնում է ուժի մեջ. ՀԷՑ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու, որոնք հավաստիացնում եմ, շատ կարեւոր են հենց վերջինիս համար՝ որպես սեփականատիրոջ օրինական ներկայացուցիչ եւ Ընկերության կառավարման մարմիններից մեկի ղեկավար։

Այդ հարցերի թվում են, օրինակ, ՀԷՑ-ի ձեռք բերումից ի վեր՝ գրեթե 10 տարի շարունակ, տարեկան շուրջ 1մլրդ ՀՀ դրամ բաց թողնված լրացուցիչ շահույթի հնարավորություններն առկա ռեսուրսներով ու այդ «բացթողումի» պատճառների ու պատասխանատուների վերհանման անհրաժեշտությունը։

Վստահ եմ՝ այդ մասին ՀԷՑ-ի սեփականատերերին Ընկերության գործադիր կառավարման օղակի տարբեր ռանգի ղեկավարներից կամ գլխավոր տնօրենի վերջին պաշտոնակատարից որեւէ մեկը չի զեկուցել, եւ նրանք «գուցե» չեն տիրապետում ՀԷՑ-ում այդ եւ նմանատիպ այլ «մութ» դրվագների ու կատարված բազմաթիվ ֆինանսատնտեսական գործառնությունների փաստերին, որոնք ուղիղ կամ անուղղակիորեն հակասել են ինչպես ՀՀ պետական ու հանրային շահին, այնպես էլ սեփականատերերի օրինական շահերին։

Հ.Գ. Այսօր լրանում է ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարչի կարգավիճակում իմ գործունեության երկու ամիսը. առաջիկայում մամուլի ասուլիսի ձեւաչափով կխոսենք ՀԷՑ-ին առնչվող կարեւորագույն փաստերից, գործընթացներից, բազմաթիվ բացահայտումներից ու գնահատականներ կտանք՝ փաստարկված, ստուգված, ապացուցված…

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

 

286