Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ գործընկեր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հանդիպելու նպատակով ժամանել էր Հայաստան։
Թուրք բանագնացը Հայաստան էր մտել ցամաքային սահմանի Մարգարայի անցակետով։
Նրա այցից ընդամենը մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ կառավարությունը 2011 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխությունների որոշում էր ընդունել, որի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից անձնագրերում դրվող ՀՀ սահմանահատման կնիքներում այլևս չի լինի Արարատ լեռան ուրվագիծը։
Գործադիրի որոշումը քննադատության ու մի շարք քարոզչական թեզերի շրջանառման առիթ դարձավ․ մասնավորապես տեղեկատվական տիրույթում տարածվեց թեզը, թե սահմանահատման կնիքից Արարատի ուրվագծի հեռացումը պայմանավորված է հենց Քըլըչի այցով, որպեսզի վերջինիս անձնագրում Հայաստանի սահմանը հատելիս անձնագրային հսկողություն անցնելիս Արարատի ուրվագծով սահմանահատման կնիք չհայտնվի։
Նշենք, որ Կառավարության՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը հետին թվով չէր կարող տարածվել սեպտեմբերի 12-ին Հայաստանի սահմանը հատած Քըլըչի վրա։
Civilnet-ի հետ սեպտեմբերի 16-ի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Քըլըչի անձնագրում ՀՀ սահմանը հատելիս դրվել է սահմանահատման կնիքը՝ Արարատի պատկերով, Ռուբինյանը պատասխանել է, որ «տեղյակ չէ»։
«Չեմ հետաքրքվել։․․․Բայց եթե դրված լինի՝ ուրեմն Արարատի պատկերով պետք է լինի, որովհետև նոյեմբերի 1-ից է կնիքը փոխվում», — ասել է Ռուբինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն պարզելու՝ արդյոք Քըլըչն անցել է անձնագրային հսկողություն ՀՀ սահմանը հատելիս, և արդյո՞ք նրա անձնագրում դրվել է սահմանահատման կնիքը՝ Արարատ լեռան ուրվագծով։
Քըլըչի անձնագրային ստուգումը․ ինչ են ասում օրենքները
Ըստ ներքին ու միջազգային օրենսդրության, դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնյաները նույնպես պարտավոր են անցնել անձնագրային (սահմանային) ստուգում, երբ հատում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ներառյալ ցամաքային անցակետերը։
Այս մասին է վկայում «Պետական սահմանի մասին» օրենքը․ դրա 14-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության»:
Օրենքը չի առանձնացնում, չի նախատեսում հատուկ կարգավորում կամ արտոնություններ՝ պայմանավորված սահմանը հատող անձի փաստաթղթի տեսակով։
Նման առանձնահատուկ կարգավորումներ չկան նաև սահմանային վերահսկողությունը կարգավորող ներքին մի շարք այլ օրենքներում, օրինակ Սահմանապահ զորքերի մասին օրենքում, որի 7-րդ հոդվածը սահմանում է՝ սահմանապահները պարտավոր են «ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող բեռների զննություն», ինչպես նաև կառավարության «ՀՀ պետական սահմանի անցման կետերի գործունեության ապահովման կարգը» որոշման մեջ։
Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը ևս սահմանում է, որ նրանք «մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:
1961 թվականին ընդունված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993 թվականին, չնայած որոշակի արտոնություններ սահմանում է դիվանագետների համար (29-36-րդ հոդվածներ), սակայն ևս չի ազատում նրանց սահմանային և մաքսային վերահսկողությունից։
Կոնվենցիայի հոդված 36-ը որոշակի արտոնություններ է սահմանում միայն դիվանագետի մաքսային արտոնությունների ու անձնական ուղեբեռի զննման կարգի վերաբերյալ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։