Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Աստծո գոյությանը հավատալը ամբարտավանության մի ուրիշ դրսեւորում է։ Եթե նույնիսկ Աստված կա, նա ինչու պիտի թույլ տա քեզ նման մահկանացուն իմանա իր գոյության մասին։ Կազյոլ»,- սրանք տողեր են Վանո Սիրադեղյանի չհրապարակված արխիվից, որոնք իրենց խորիմաստությամբ դարձյալ մտորելու տեղիք են տալիս։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 79 տարեկան։
Բուռն է եղել Վանո Սիրադեղյանի անցած ուղին։ Վանոն Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Զբաղեցրել է նորանկախ Հայաստանի առանցքային պաշտոնները: Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր և այլն:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց: 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո Վանո Սիրադեղյանը հեռացավ հայրենիքից:
«Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»,- գրողի այս խոսքերը թափանցում են մինչեւ հոգու խորք՝ օր օրի մի-մի կաթիլ սեր ավելացնում Հայրենիքը սիրելու մանրամասնությունների մեջ: Ու այդպես էլ Հայաստանը մանրամասն սիրել սովորեցնող մտավորականը 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու՝ օտարության մեջ:
Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:
Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում:
Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:
Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ:
Եվ հարյուրամյակներ շանունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա:
Վանո Սիրադեղյան. «Խաչակրաց բանակին սպասելիս»