Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4–ի նիստում ընդունեց Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը պետությանը նվիրատվությամբ փոխանցելու մասին որոշումը։ Նշված հողամասը՝ շուրջ 0.11 հեկտար, պաշտոնապես անցնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացվելու է Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նիստում հարցի քննարկման ընթացքում դատախազը նշեց, որ խոսքը վերաբերում է Գառնի համայնքում գտնվող և հանրությանը առավել հայտնի «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» անվամբ բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասին՝ 0.10519 հեկտար մակերեսով։

Կոտայքի մարզի դատախազությունը նախապես իրականացրել է տարածքի իրավական ուսումնասիրություն և ներկայացրել միջնորդագիր, ինչի արդյունքում վերականգնվել է Գառնի համայնքի սեփականության իրավունքը հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ։ Դատախազի խոսքով՝ տարածքը իր կարգավիճակով բնության հատուկ պահպանվող տարածք է, ուստի այն ենթակա է պետական կառավարման մարմնի պահպանության և վերահսկողության։

«Տարածքը հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածք՝ տրամաբանական է, որ փոխանցվի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ պատշաճ պահպանման և կառավարման համար»,- նշեց դատախազը։

Վարչապետը ճշգրտեց. «Այսինքն՝ «Քարերի սիմֆոնիայի» մի հատված սեփականաշնորհված է եղել ֆիզիկական անձի կողմից, և արձանագրելով, որ դա ապօրինի է, չէր կարող սեփականաշնորհվել, որովհետև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հող է, այդ կետից չենք վերադարձնում համայնքին, այլ վերադարձնում ենք ՇՄՆ-ին»:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության  նիստում նաև հայտնեց, որ ուսումնասիրում են Ժուռնալիստների, Նկարիչների, Գրողների միությունների կողմից պետական գույքի տնօրինման հարցը։

563