Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ։ Այդ մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Նրա խոսքով՝ ծրագիրը հաստատվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը, և այդ նպատակը փաստացի իրականացվել է՝ նման ծնունդների թիվը աճել է։
«2018 թվականին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը շուրջ 8300 է եղել, 2023-ին կազմել է 12,400-ից ավելի, 2024-ին՝ 12 հազար, այսինքն՝ ունեցել ենք 45 տոկոս աճ այս առումով, և տարեկան միջինում 7 տոկոս ցուցանիշի աճ ենք գրանցել:
Քանի որ ունեցել ենք դրական արդյունքներ, առաջարկում ենք այն դարձնել պետական նպաստի տեսակ»,- ասաց նա:
Մյուս առաջարկը, ըստ նախարարի տեղակալի, կապված է միանվագ ծննդյան նպաստի հետ և փոխկապակցված է առաջին առաջարկի հետ:
«Քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում:
Այսօրվա դրությամբ 1-ին և 2-րդ ծնված երեխայի համար տրվող 300 հազար դրամների, 3-րդ և 4-րդի համար տրվող 1 մլն դրամների, 5-րդ և հաջորդի համար տրվող 1,5 մլն դրամների փոխարեն առաջարկվում է բոլորի համար սահմանել նույն չափը, այն է՝ 500 հազար դրամ»,- ասաց նա:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ պետական նպաստների մասին օրենքում փոփոխություն կկատարվի, ըստ որի՝ միանվագ ծննդյան նպաստից և 3-րդ ու հաջորդ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել այն դեպքում, երբ երեխան ՀՀ քաղաքացի է:
«Քաղաքացիության պահանջը առաջարկում ենք կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից»,- ասաց նա:
Մյուս առաջարկը կապված է պետական կենսաթոշակների և նպաստների վճարման հետ: Առաջարկվում է օրենքով լիազորություն տալ Կառավարությանը՝ սահմանելու վճարման կարգի և եղանակի վերաբերյալ կարգավորումներ: Խոսքը վերաբերում է անկանխիկի անցման տրամաբանությամբ կենսաթոշակների և նպաստների՝ ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը: Նախատեսվում է, որ այն կգործի 2026 թվականի ապրիլի 1-ից:
Ըստ նախարարի տեղակալի՝ ավելի քան 660 հազար կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58 հազարն են, որ ստանում են կանխիկ եղանակով, և նրանց համար Կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ այնպես, որ ապրիլի 1-ից բոլոր վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով: