Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկմանը:

Նա կարևորել է հարցերի հայեցակարգային հիմքերի բացահայտման անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով, արդարադատության ոլորտում կարևոր է հասկացությունների ճշգրտումը․ «Փորձեցի գտնել՝ արդյո՞ք մեր իրականության մեջ ձևակերպված է, թե ինչ է արդարադատությունը կամ արդարությունը»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն, սակայն կարևոր է հասկանալ՝ դրանք իրականում ինչ են. «Ո՞րն է մեր հանրային և պետական ընկալումը արդարության և արդարադատության մասին»։

Նա նշել է նաև ֆունդամենտալ հարցեր, օրինակ՝ ով է արդարադատության պատասխանատուն և ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը․ «ՀՀ-ում լեգիտիմության հիմնական աղբյուրը ժողովուրդն է, երկրորդը՝ Սահմանադրությունն ու դրանից բխող իրավակարգը։ Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի ու Սահմանադրության միջև խզում կա, արդյո՞ք հաստատված իրավակարգը կորցնում է լեգիտիմությունը»։

Վարչապետի խոսքով, արդարության հաստատման համար պետությունը պետք է որոշ սահմանափակումների գնա, ինչը կարող է լարումներ ստեղծել, սակայն խնդրի լուծումը կայանում է քաղաքացիների ընկալման մեջ՝ որպես իրենց որոշում. «Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, սակայն իրավակարգի լեգիտիմության հարցը դեռ չի լուծվել»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ իշխանության լեգիտիմությունը ապահովված է ընտրությունների միջոցով, որոնց արդյունքները չեն վիճարկվում, սակայն իրավակարգը հաստատող ընտրությունը՝ հանրաքվեն, կարող է կասկածի տակ լինել։ «Արդյունքում մենք իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք»,– եզրափակել է վարչապետը։

548