Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում իրականացված ձնամաքրման աշխատանքներին։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ինտենսիվ աշխատել են՝ ապահովելու համար, որ քաղաքի ճանապարհներն ու մայթերը մնան անցանելի։ «Հարյուրավոր մարդիկ ներգրավված են եղել այս աշխատանքներում», – նշել է քաղաքապետը։
Միաժամանակ նա խոսել է նաև առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ հնչող դժգոհությունները մի նպատակ ունեն՝ հաջորդ նման իրավիճակներին ավելի պատրաստված լինելը։ Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ է կիրառել նորարարական լուծումներ, հատկապես այն դեպքերում, երբ հայտնի է, որ տեղումները տեղի են ունենալու ցերեկային ժամերին։
«Ընդունելով, որ այս տարվա պայմաններն իրապես անոմալ էին, իրապես ձյան քանակը շատ էր, խնդիրները ավելին էին, ուզում եմ մի քանի բանի վրա կենտրոնանալ կառուցողական տրամաբանությամբ, սա խնդրում եմ մեղադրանք չընդունել։
Հաջորդ տարի պատրաստված լինենք խնդիրները լուծելու նորարարական տարբերակներով՝ իմանալով x, y, z ժամերին ձյունը գալիս է, նոր տեխնոլոգիա կա, որ մենք էլ փորձարկենք՝ աղաջրի լուծույթ փողոցներում նախապես ցանելը», – ասել է քաղաքապետը։
«Ինչ վերաբերում է մայթերին, խնդիրը տեսնում եմ համակարգային. նոր լուծումներ են պետք, ինչքան էլ մենք տեխնիկա ավելի շատ գնենք, թույլ չի տալու ամբողջ ծավալով փակել։ Համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է մեզ պետք», – նշել է նա։
Ավինյանն անդրադարձել է նաև մասնավոր ընկերությունների կողմից ձնամաքրման պարտականությանը. «Մեր մասնավոր գործընկերները, որոնց շատերը այս տարի բացահայտեցին՝ ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու։ Ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել՝ ունեն առհասարակ պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերելու և հետևելու, որ իրենց դիմացի հատվածը լինի ավագանու որոշման ստանդարտներին համապատասխան»։