Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության նիստում քննարկվել է Երևանի քաղաքապետին համապատասխան լիազորություն վերապահելու նախագիծը, որով առաջարկվում է նրան իրավունք տալ ձեռքբերողի հետ կնքելու պայմանագիր Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասում նախատեսվող խոշոր քաղաքաշինական ծրագրի իրականացման համար։ Նախագիծը վերաբերում է Երևանի գլխավոր հատակագծով սահմանված շուրջ 81 հեկտար տարածքում բազմաֆունկցիոնալ՝ բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի ձևավորմանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Դաունթաուն թաղամասի կառուցումը Նորագյուղ թաղամասում և հարակից տարածքներում՝ շուրջ 83.9 հա մակերեսով, կարևոր քաղաքաշինական խնդիրների լուծում է ենթադրում Երևանի համար։ Նախագծի արդյունքում նախատեսվում է շուրջ 2–2.5 մլն քմ կառուցապատում, մոտ 155 շենք և բնակելի միջավայր՝ շուրջ 65 հազար բնակչի համար, ինչը էականորեն կնպաստի Փոքր Կենտրոնի բեռնաթափմանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը բնակիչների առաջարկով է իրականացվում և ենթադրում է շուկայական արժեքին ավելացված 30 տոկոս փոխհատուցում։ Նախագիծը նաև հնարավորություն կտա իրականացնել Դալմայի այգիների անտառապատման ծրագիրը, Երևանի լճի մաքրման և ենթակառուցվածքների ամբողջական նորոգման աշխատանքները։

Քաղաքապետը նշել է, որ ծրագիրը բարդ է և նախատեսվում է իրականացնել մոտ 10 տարվա ընթացքում, սակայն այն առանցքային նշանակություն ունի ինչպես Կենտրոնի բեռնաթափման, այնպես էլ Նորագյուղի բնակիչների սոցիալական խնդիրների լուծման համար։

Վարչապետը ևս ընդգծել է նախագծի բարդությունը՝ կարևորելով բնակչության հետ շարունակական աշխատանքը և մշակութային միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես Կարմիր կամրջի, Երևանի բերդի և հարակից պատմական օբյեկտների համատեքստում։

693