Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում նախորդ տարի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված գիտահետազոտական և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորումը գերազանցել է 2 միլիարդ 100 միլիոն դրամը։ Այս մասին  ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշն իր կատարողականով 50 տոկոսով ավելին է, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը։

Հայրապետյանը պարզաբանեց, որ ֆինանսավորման աճը պայմանավորված է եղել հիմնավոր, կոմպլեքս-բովանդակային բարեփոխումներով, ինչը մեծացրել է ծրագրի գրավչությունը ռազմարդյունաբերական ընկերությունների համար։

«Անցած տարի կատարվել են մի շարք բովանդակային բարեփոխումներ ռազմարդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես, սահմանվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների նոր կարգ, որով ոչ միայն հստակեցվել և համեմատաբար պարզեցվել է նոր ԳՀՓԿԱ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) աշխատանքների ֆինանսավորման գործընթացը, այլ նաև նոր տրամաբանություն ենք ներդրել՝ տեխնոլոգիական պատրաստության մակարդակի հայեցակարգը։ Այն փաստացի թույլ է տալիս ընկերություններին բարդ մշակումները քայլ առ քայլ զարգացնել իրար հաջորդող մի քանի գիտահետազոտական աշխատանքներով ու փորձարարական մշակումներով։ Այս տրամաբանությամբ սկսնակ ընկերությունները վերջապես կարող են սկսել փոքր ֆինանսավորումից՝ քայլ առ քայլ հասունացնելով իրենց մշակումները և կայանալով որպես ընկերություն»,- մանրամասնեց նախարարը։

 

288