Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական կարիքների գնահատման առաքելությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը կարևորել է ԺՀՄԻԳ-ի հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման, հանրային վստահության բարձրացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համատեքստում։ Նա ընդգծել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումները իրականացվում են միջազգային չափանիշներին համահունչ՝ հաշվի առնելով ԺՀՄԻԳ-ի առաջարկություններն ու փորձագիտական աջակցությունը։

 

Տիգրան Դադունցը ներկայացրել է 2024 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի լայնածավալ օրենսդրական փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգմանը, ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական հասանելիության ապահովմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ուղղված այլ մեխանիզմներին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

 

Առաքելության արդյունքները հաշվի կառնվեն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցի համատեքստում:

249