Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանցավորության վիճակագրությունը վերջին շրջանում հաճախ շահարկվում է քաղաքական նպատակներով՝ ազդելով հանրային ընկալումների վրա ներքին անվտանգության վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները՝ նախարարը ընդգծեց, որ անվտանգության թեման մշտապես եղել է և շարունակում է մնալ առաջնահերթ օրակարգում։

«Անվտանգությունը մեզ բոլորիս հուզող թեմա է և պատահական չէ, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությանը մենք անընդհատ անդրադառնում ենք և քննարկումներ ենք ծավալում այս ուղղությամբ, բայց ես ուզում եմ հատկապես փաստել, որ հանցավորության վիճակագրությունը վերջին ժամանակահատվածներում հատկապես հաճախ օգտագործվում է որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք՝ դառնալով նաև նախընտրական դեբատի թեմա՝ սադրելով ներքին անվտանգության կայունությունը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հանրությանը հաճախ ներկայացվում է հանցավորության ուռճացված պատկեր, մինչդեռ իրավապահ մարմինները գործում են իրական տվյալների հիման վրա՝ առաջնորդվելով քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։

Նախարարը նաև անդրադարձավ իրավապահ համակարգի աշխատանքի նկատմամբ հնչող քննադատություններին՝ նշելով, որ դրանք հաճախ ակտիվանում են նախընտրական փուլերում և համապատասխանում են ինչպես հիբրիդային սպառնալիքների տրամաբանությանը, այնպես էլ միջազգային փորձին։

Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ Կառավարության ծրագրով նախատեսված են եղել ոստիկանության համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի ձևավորում և կանխարգելման նոր գործիքակազմի ներդրում։

«Մենք հոգատարությամբ և խնամքով թե՛ նոր արձանագրումներ ենք ունենում և թե՛ նաև այլ խնդիրների լուծման հետևից ենք գնում, որոնք այս պահի դրությամբ ինքներս արձանագրել ենք՝ լինելով ոլորտի ավելի մոտ կանգնած անձինք»,- նշեց նախարարը։

 

330