Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Մարտի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ինչպես Կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքները, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր համաձայնագրեր։

Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը եվրասիական ինտեգրման գործընթացներում՝ զարգացնելով համագործակցությունը ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԱՊՀ գործընկերների հետ։ Արձանագրվել են տնտեսական ակտիվության կարևոր ցուցանիշներ, առևտրաշրջանառության և արտահանման աճ, ինչպես նաև շարունակական աշխատանքներ՝ հարկաբյուջետային և մակրոտնտեսական քաղաքականությունների կատարելագործման ուղղությամբ։

Միաժամանակ, հանձնաժողովում քննարկվել են նաև ԵԱՏՄ-ի և արտաքին գործընկերների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը միտված համաձայնագրեր, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ազատականացնել առևտուրը, ապահովել արտահանման նոր հնարավորություններ հայկական արտադրողների համար և ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային շուկաներում։

Այսպիսի քննարկումները վկայում են, որ շարունակվում է հետևողական աշխատանքը՝ տնտեսական զարգացման, արտաքին կապերի խորացման և նոր շուկաների հասանելիության ընդլայնման ուղղությամբ։

442