Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Կապանի թիվ 10 դպրոցի աշակերտներին և ուսուցչական կազմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մարինա Ղազարյանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Ողջունելով աշակերտներին՝ Պաշտպանը կարևորել է երիտասարդների հետ երկխոսության հարթակների դերը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների հիմքում ընկած են հանդուրժողականության, մարդու արժանապատվության և մարդու՝ որպես բարձրագույն արժեքի ընկալման հիմնարար սկզբունքները։
Պաշտպանը նշել է, որ երիտասարդների հետաքրքրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտով կարևոր նախապայման է առողջ և ոչ խտրական հասարակության ձևավորման համար՝ ընդգծելով, որ իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունը նպաստում է հանդուրժողական միջավայրի ձևավորմանը։
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել երեխաների և երիտասարդների մասնակցության կարևորությանը իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում։ Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ-ին առընթեր գործող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը՝ որպես երիտասարդների ներգրավվածության արդյունավետ հարթակ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։
Քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև հաստատության մանդատը, լիազորությունները, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Ինտերակտիվ ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում աշակերտները բարձրացրել են իրենց հուզող հարցերը՝ կապված բուլինգի, կիբերբուլինգի, խտրականության, անձնական տվյալների պաշտպանության, կրթության իրավունքի, ներառականության և մի շարք այլ հարցերի հետ։
Պաշտպանը կարևորել է աշակերտների ակտիվ ներգրավվածությունը իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ամեն ինչ սկսվում է անտարբեր չլինելուց՝ ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաճախ ստանում է դիմումներ հենց երեխաներից՝ իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին աշակերտները շնորհավորել են Պաշտպանին պաշտոնավարման երեք տարվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ։
Ամփոփելով հանդիպումը՝ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի կայացումը պայմանավորված է յուրաքանչյուրի մասնակցությամբ՝ կարևորելով իրավական մշակույթի զարգացումն ու երիտասարդների ակտիվ դերակատարությունը այդ գործընթացում։
Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երիտասարդների և ուսանողների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։