Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 21-ին կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը, որին ներկա է եղել շուրջ 160 մասնակից։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։

 

«Հանդիպումը մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ողջույնի խոսքով, ով ներկայացրեց շարժման նպատակները՝ ընդգծելով շարունակական կրթության կարևորությունը և նման հարթակների դերը զարգացող, ինքնակրթվող հասարակություն ձևավորելու գործում։

Ինչպես միշտ, հանդիպումը մեկնարկեց ակադեմիական հիմնով՝ Gaudeamus igitur-ով, որից հետո բեմ հրավիրվեց օրվա բանախոսը՝ «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, գործարար Արևիկ Համբարձումյանը։

 

Բանախոսությունը տպավորեց ներկաներին իր անկեղծությամբ և պարզությամբ։ Այն նվիրված էր ժամանակակից կնոջ բազմաշերտ դերին՝ որպես առաջնորդ, մայր և մասնագետ, և անդրադառնում էր այդ դերերի միջև հավասարակշռություն գտնելու մարտահրավերին։ Բանախոսությունը խոր ազդեցություն ունեցավ մասնակիցների վրա և ներկա կանանցից շատերը գտան իրենց հույզերն ու ապրումները Արևիկի խոսքերում:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև երաժշտական դադար՝ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի մասնակցությամբ, որին հաջորդեց ակտիվ հարցուպատասխանի հատվածը։ Դրա ընթացքում մասնակիցները համարձակորեն բարձրաձայնեցին իրենց կարծիքներն ու մտահոգող հարցերը` նպաստելով անկեղծ և արդյունավետ քննարկմանը:

 

Քննարկվեցին կարևոր թեմաներ՝ «ամեն ինչ հասցնելու» լարվածությունը գիտակցված ընտրությամբ փոխարինելու, սեփական էներգիան վերականգնվող ռեսուրս դարձնելու և անձնական ու մասնագիտական կյանքի ներդաշնակությունը պահպանելու շուրջ։

«Կրթվելը նորաձև է» հարթակը վաղուց արդեն միավորում է տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, ովքեր հանդես են գալիս բազմաբովանդակ և արդիական թեմաներով բանախոսություններով և կիսվում միմյանց հետ ամենաթանկով` գիտելիքով և փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

440