Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանի ոստիկանությունը Պատրաս քաղաքում ձերբակալել է 89-ամյա տղամարդուն, որն առավոտյան Աթենքի կենտրոնում կրակ էր բացել երկու տարբեր վայրերում, ինչի հետևանքով 5 մարդ էր տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Տղամարդուն հայտնաբերել են Պատրասի ավտոկայարանի կողքին գտնվող հյուրանոցում՝ շուրջ 6 ժամ տևած որոնողական գործողությունների արդյունքում։ Կասկածյալի մոտ հայտնաբերվել է լիցքավորված պտտագլոր (ռևոլվեր) ատրճանակ։

89-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակ էր բացել նախ Աթենքի կենտրոնում գտնվող սոցիալական ապահովության միասնական հիմնադրամում՝ ոտքից վիրավորելով աշխատակիցներից մեկին։ Այնուհետև նա կրակ էր բացել Աթենքի վերաքննիչ դատարանում՝ վիրավորելով ևս չորս հոգու։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Դատարանում կրակ բացելուց առաջ հարձակվողը հատակին նետել էր ինչ-որ գրություն պարունակող ծրար։ Ավելի ուշ նա որսորդական հրացանը թողել էր դատարանի շենքի մոտ և թաքնվել։ Նրա գործողությունների դրդապատճառների մասին չի հաղորդվում։

192