Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝  EUMETNET-ի Ասամբլեան իր 36-րդ նստաշրջանում, որը կայացել է 2026 թվականի մայիսի 27–28-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, միաձայն հաստատել է Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի (EUMETNET) և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության համաձայնագիրը։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։

Այս կարևոր ձեռքբերումը նոր հնարավորություններ է ստեղծում Հայհիդրոմետի համար՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական հիդրոօդերևութաբանական համայնքի հետ, ընդլայնելու մասնագիտական կապերը, ներդնելու ժամանակակից լուծումներ ու լավագույն միջազգային փորձը։

Համաձայնագրի շրջանակում Հայհիդրոմետը կմասնակցի EUMETNET-ի հետևյալ ծրագրերին․

MeteoAlarm՝ վտանգավոր օդերևութաբանական երևույթների վերաբերյալ նախազգուշացումների համաեվրոպական հարթակին, որը միավորում է Եվրոպայի բազմաթիվ երկրների ազգային օդերևութաբանական ծառայությունները և ապահովում է բնակչության ժամանակին և հասկանալի իրազեկումը եղանակային վտանգների մասին։

Capacity Capability Area Management Programme (CSA CA MP)՝ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների կարողությունների զարգացման ծրագրին, որի նպատակն է խթանել մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը, լավագույն գործելակերպերի կիրառումը և ծառայությունների որակի շարունակական բարելավումը։

EUMETNET-ի ծրագրերին մասնակցությունը կարևոր քայլ է Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության եվրոպական ինտեգրման, վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդման և բնակչությանը, պետական կառույցներին ու տնտեսության տարբեր ոլորտներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում EUMETNET-ին՝ ցուցաբերած վստահության, աջակցության և համագործակցության համար։

«Առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնում նաև Իռլանդիայի ազգային օդերևութաբանական ծառայությանը, որը Վաղ նախազգուշացումներ բոլորի համար (#EW4All) նախաձեռնության շրջանակում աջակցել է Հայաստանի մասնակցությանը MeteoAlarm ծրագրին։

Վստահ ենք, որ այս գործընկերությունը կդառնա երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության ամուր հիմք՝ նպաստելով հասարակության անվտանգության և տնտեսության տարբեր ոլորտների կայուն զարգացմանը»,- նշված է Հիդրոմետի տարածած հաղորդագրությունում։

181