Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 9-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է աշխատակազմի 2025 թվականի ծախսերի և եկամուտների կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2025 թվականին ՄԻՊ աշխատակազմի ծախսերի համար հատկացվել է 587.1 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 98.5 տոկոս:

2025 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մասը տրամադրվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառմանը: 8.1 մլն դրամ հատկացվել է հաստատության տեխնիկական հագեցվածության ապահովմանը։

Հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմն ստացել է 22 655 դիմում-բողոք՝ 2024-ի համեմատ 2900-ով ավելի:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ մասնակի է կատարվել համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների 72 տոկոսը, իսկ կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում՝ 68.4 տոկոսը։

Միաժամանակ, բացի համակարգային լուծումներից, անհատական 1688 գործով Պաշտպանի միջամտությամբ խնդիրը ստացել է դրական լուծում։

Հաշվետու տարում էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող այցերի թիվը։ Այսպես, 2024-ի համեմատ 2025 թվականին իրականացվել է շուրջ 70-ով ավելի այց:

2025 թվականին իրականացվել են լայնածավալ իրազեկման, կրթական և վերապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել են քաղաքացիներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնագիտական համայնքներ՝ նպաստելով հանրային իրազեկման բարձրացմանը։  Ավելի քան 1000 երեխա մասնակցել է ՄԻՊ հայտարարած իրազեկման արշավի շրջանակներում կազմակերպված հանդիպումներին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մշտադիտարկման այցերին, նշել է, որ 2025 թվականին, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում, շուրջ 3 տասնյակ մշտադիտարկման այց է իրականացրել՝ տեղամասային կենտրոնների, ուսումնական հաստատությունների, հանրային տրանսպորտի և այլ շինությունների մատչելիությունը գնահատելու նպատակով: Ի տարբերություն նախկինում իրականացված մշտադիտարկման այցերի՝ նշված այցերի մեծամասնությանը ներգրավված են եղել նաև հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներին. այսպես, 2025-ի ընթացքում հրապարակվել է հինգ արտահերթ զեկույց։

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը կայացրել է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեցող երկու որոշում։

Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 2025 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում իրականացրել է 59 մշտադիտարկման այց (20-ը պարբերական, իսկ 39-ը՝ ըստ անհրաժեշտության)՝ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ՄԻՊ հաստատության առջև շարունակում են կանգնած մնալ մի շարք չլուծված խնդիրներ՝ կապված կառուցվածքային փոփոխությունների, ռեսուրսների ավելացման, շենքային պայմանների և օրենսդրական բարեփոխումների հետ։

Եզրափակելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքների հետագա ամրապնդմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների և գործընկեր կառույցների առաջարկություններն ու հանձնարարականները։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է Ազգային ժողովի կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ վերջին տարիներին ՄԻՊ հաստատությանն առնչվող օրենսդրական բարեփոխումները հնարավոր են դարձել համատեղ աշխատանքի շնորհիվ։

Անահիտ Մանասյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին։

80