Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։

«Պետության հետ քաղաքացու բավարար կապի (պարբերական կապի) տեսության հիմքում, ըստ էության, ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այլ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական և կենսագործունեության կապ պետության հետ: Քաղաքացիությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի և պետության միջև: Ընդ որում՝ քաղաքացին ստանում է տվյալ պետության երաշխավորած իրավունքների ամենամեծ ծավալը և իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ և միակողմանի դրսևորում։ Այս իմաստով քաղաքացիությունը անհրաժեշտ, բայց ոչ ամենևին բացառիկ և ոչ միակ պայմանն է՝ ժողովրդաիշխանության իրացման հիմնական ձևերին՝ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար:

Քաղաքացիությունը թեև քաղաքացի-պետություն կապի հիմնական իրավական դրսևորումն է, սակայն ինքնին քաղաքացիության առկայությունը չի վկայում պետության հետ բավարար կապի առկայության մասին: Ըստ այդմ՝ քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումը» այդ հարցում, եթե անձը տևական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից:

Այս համատեքստում ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով թեև քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաև մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:

Ավելին՝ քաղաքացիությունը չի դրսևորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաև պատկանելություն և մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին և իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետևապես այս տեսանկյունից ևս ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, որի համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետևանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձևավորմանը, այլև ստանձնում է այդ իշխանության գործունեության հետևանքները կրելու պատրաստակամություն՝ ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև բովանդակային կողմը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաև քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջ:

Ըստ հեղինակների՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:

269