Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։

Անհատ ձեռնարկատերը հայտնել է, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվել է հաղորդում, ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը։

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

80