Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է: Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը: Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում»,- այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային համաժողովի ընթացքում:
Աննա Վարդապետյանը մասնավորապես նշել է.
«Ժամանակակից աշխարհում պետության ուժը գնահատվում է ինչպես նրա տնտեսական ու ռազմական ներուժով, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ:
Այդ վստահությունն է, որ ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության և հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության և իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ: Վստահության ձևավորումը տարերային գործընթաց չէ, այն օպերատիվ աշխատողի, ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի ամենօրյա հոգատար, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:
Տեխնոլոգիական զարգացումները, թվային տնտեսության արագ ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, կրիպտոակտիվների աճող շրջանառությունը և միջազգային ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը ստեղծել են նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործ, այնպես էլ հանցավոր վարքագծի համար:
Ֆինանսական հանցագործությունները չեն ճանաչում պետական սահմաններ։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են րոպեների ընթացքում «ճանապարհորդել» տարբեր պետությունների տարածքներով և իրավազորությունների ուղիներով՝ մինչև կլվացվեն ու կօրինականացվեն, իսկ հանցավոր սխեմաները կարող են միաժամանակ գործել մի քանի մայրցամաքներում՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները։
Այս պայմաններում որևէ պետություն, որքան էլ զարգացած լինեն նրա ինստիտուտներն ու ենթակառուցվածքները, չի կարող միայնակ արդյունավետ հակազդել հանցավոր սխեմաներին: Հետևաբար, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է նույն արժեքները կրող երկրների համագործակցության խորությամբ: Այդ թվում՝ իրավապահ ու դատական համակարգերի համագործակցությամբ և փոխադարձ վստահությամբ, որը երկխոսություն սկսելու նախապայմանն է։
«Երկխոսություն» եզրույթն առաջին անգամ կիրառել է Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնը: Իհարկե, դիալեկտիկական մեթոդի հիմնադիրը Պլատոնի ուսուցիչ Սոկրատն է, ով իր գիտելիքը, ուսմունքը մարդկությանը փոխանցել է զրույցների միջոցով և անձամբ ոչինչ գրի չի առել:
Երկխոսությունը գրավոր ամրագրել է Պլատոնը և կիրառել այն մինչ օրս կարդացվող ու վերլուծվող աշխատությունները ստեղծելու համար, օրինակ՝ «Ապոլոգիա», «Եվթիփրոն», «Կրիտոն», «Պետություն» և այլ: Այս ձևաչափի շնորհիվ է, որ Պլատոնի աշխատությունները չեն դարձել դոգմաների չոր ու անշունչ ժողովածուներ, այլ երկխոսության յուրաքանչյուր մասնակցի հրավիրում են ինքնուրույն մտածողություն ձևավորող՝ կենդանի զրույցի:
«Երկխոսություն» եզրույթի ծագումնաբանությանը կարճ անդրադարձս նպատակ ունի Ձեզ փոխանցել Հայաստանի Հանրապետության դատախազության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ ջանքերով ստեղծված և այսօր մեկնարկող՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի բովանդակությունն ու փիլիսոփայությունը:
Կենդանի զրույցի՝ երկխոսության այս հրավերը ծնվեց այն համոզմունքից, որ ժամանակակից դատախազը չի կարող սահմանափակվել միայն իր ազգային իրավական համակարգի փորձով։ Նա պետք է մշտապես հաղորդակից լինի միջազգային լավագույն փորձին, կարողանա համադրել տարբեր իրավական մշակույթների մոտեցումները և իր գործընկերների հետ ձևավորել փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն:
Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը դառնում է եվրոպական դատախազական համայնքի մասնագիտական երկխոսության կենտրոններից մեկը և առաջին տարին է, որ դատախազական համայնքն իր մասնագիտական երկխոսությունը ծավալում է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում:
Այս հարթակը նախատեսված է նոր մասնագիտական կապեր ձևավորելու, լավագույն փորձի փոխանակման, մարտահրավերների քննարկման և փոխադարձ վստահության ամրապնդման համար:
Շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազները, բարձրաստիճան դատախազները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ճանաչված փորձագետները և արդարադատության ոլորտի գործընկերները:
Այս տարվա համաժողովի խորագիրը՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում», միավորում է երեք ուղղություններ, որոնք արդարադատության շղթայի բաղադրիչներն են։
Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց:
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է:
Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը:
Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում։
Հարգելի՛ ներկաներ,
Մարտահրավերներին համարժեք պատասխաններ տալու համար անհրաժեշտ են ինչպես իրավական գործիքներ, այնպես էլ ընդհանուր արժեքներ, ընդհանուր պատասխանատվություն և ընդհանուր տեսլական։
Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության դատախազության կողքին լինելու, մեր ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելու և մեզ հետ համատեղ մեր ամենահամարձակ նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար: Այս գործընկերությունը նպաստում է դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, մեր ամենօրյա աշխատանքում եվրոպական լավագույն փորձի ներդրմանը և դրա արդյունքում՝ իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության դատախազության բոլոր դատախազներին և դատախազության աշխատակիցներին՝ պատասխանատու, պրոֆեսիոնալ, նվիրված և սրտացավ աշխատանքի համար:
2026 թվականը 108-ամյա Դատախազության համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այն ինստիտուցիոնալ հիշողության և պատմական ժառանգության արժևորման տարի է:
2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակը, ում գործունեությունը կարևոր հետք է թողել Հայաստանի դատախազության պատմության էջերում: Մենք կարևորում ենք, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։
Այս ճանաչողությունը խթանելու նպատակով այս տարի նախատեսում ենք Հայաստանի բուհերի ուսանողների մասնակցությամբ, Դատախազությունում գործող ԵՊՀ Իրավաբանական լաբորատորիայի շրջանակներում կազմակերպել դատախաղ՝ պետական շահերի պաշտպանության թեմատիկայով:
Կարևորելով Արտավազդ Գևորգյանի վաստակն ու նպատակ ունենալով պահպանել ինստիտուցիոնալ հիշողությունը՝ թողարկել ենք հոբելյանական հուշանվեր, որը կհամալրի Դատախազության կողմից պետական մարմիններին հանձնվող արարողակարգային հուշանվերների շարքը:
2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ:
Կրկին, կարևորելով հոբելյանը և նպատակ ունենալով պահպանել ինստիտուցիոնալ հիշողությունը՝ թողարկել ենք հոբելյանական հուշանվեր, որը նույնպես կհամալրի Դատախազության կողմից պետական մարմիններին հանձնվող արարողակարգային հուշանվերների շարքը:
Հարգելի՛ ներկաներ, տիկնայք և պարոնայք,
Մենք շարունակելու ենք զարգացնել դատախազների կարողությունները՝ հիմնվելով պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության, նորարար համարձակ լուծումների, վստահության վրա հիմնված գործընկերության, այդ թվում՝ միջազգային համագործակցության վրա:
Մենք վստահ ենք, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում քննարկումները իրավական մտքի ու մշակույթի զարգացման նոր նշաձող են սահմանելու և դառնալու են նոր գաղափարների, նոր և համարձակ նախաձեռնությունների և նոր ձևաչափի համագործակցության դարբնոց»: