Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ազգային ժողովում քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված նախատեսվող կարգավորումները, որոնց վերաբերյալ վերջին օրերին շատ է խոսվում սոցիալական ցանցերում։
«Քննարկմանը մասնակցում էին ինչպես պետական մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ մասնավոր ընկերությունների ղեկավարներ և անկախ փորձագետներ։
Կարծում եմ՝ շատ արդյունավետ քննարկում էր։ Իհարկե, տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ կարող են լինել, սակայն մի բան ակնհայտ է, և դա, իմ կարծիքով, որևէ մեկը չի վիճարկի. այս համակարգով քաղաքացիների անձնական տվյալներին և հեռախոսներին ոչ ոք հասանելիություն չի ունենալու, մարդկանց չեն գաղտնալսելու, չեն տեղորոշելու, չեն հետևելու։ Դրա մասին խոսելն անգամ անիմաստ է, որովհետև դա պարզապես անօրինական է։
Նպատակը պարզ է՝ ստվերի կրճատում և անվտանգության մակարդակի բարձրացում, որի արդյունքում հեռախոս գնողները և սպառողները կլինեն ավելի պաշտպանված, իսկ նրանց ստացած ծառայությունների որակը՝ շատ ավելի բարձր։
Պայմանավորվել ենք, որ սա վերջին քննարկումը չէ։ Մինչև օրենքի նախագիծը քվեարկության դնելը շատ մանրամասն, առանց ավելորդ շտապողականության կրկին քննարկելու ենք փորձագետների հետ, եթե շտկելու բաներ կան, կամ տարընթերցումները վերացնելու կարիք, անպայման արվելու են։
Նաև շատ պարզ ու հասկանալի ձևաչափով հանրությանը կներկայացվի՝ ինչ է իրենից ներկայացնելու այդ համակարգը, և ինչ է փոխվելու»,- գրել է Թունյանը: