Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նավթի համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 4%-ով՝ Հորմուզի նեղուցով էներգակիրների փոխադրումների շուրջ պահպանվող վտանգների և ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական նոր հարվածների ֆոնին՝ հայտնում է «Reuters»-ը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը աճել է 3.10 դոլարով կամ 4.08%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 79.11 դոլարի, մինչդեռ ԱՄՆ-ի West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը բարձրացել են 2.95 դոլարով կամ 4.11%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 74.36 դոլարի։

Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ կիրակի օրը ամերիկյան ուժերը բարձր ճշգրտության զինամթերքով հարվածներ են հասցրել Իրանի տարբեր շրջաններում տեղակայված մի շարք թիրախների։ Իր հերթին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկուշաբթի հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ-ի ռազմական բազաների վրա Քուվեյթում և Բահրեյնում։

Ըստ նավերի տեղաշարժը հետևող «Kpler» ընկերության տվյալների՝ կիրակի օրը Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը վեց նավ, ինչը վերջին հինգ շաբաթվա ամենացածր ցուցանիշն է։

ANZ բանկի վերլուծաբանները նշել են, որ վերջին բախումների համեմատաբար արագ հանգուցալուծման վերաբերյալ հույսերը, հավանաբար, նվազել են, քանի որ հանգստյան օրերին լարվածությունը կրկին սրվել է։

Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումից հետո գնանշումները բոլորովին վերջերս վերադարձել են մինչև հակամարտության սկիզբը եղած մակարդակին, սակայն իրավիճակի լարումը կրկին ազդեց նավթի համաշխարհային շուկայի վրա։

 

93