Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի հավելյալ եկամուտների հիմնական մասն ուղղվելու է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվելու է նոր ճանապարհային հանգույցների կառուցմանը և ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին։
«Հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները լինելու են ճանապարհաշինական աշխատանքները, մասնավորապես՝ նոր ճանապարհային հանգույցների շինարարությունը և ճանապարհների հիմնանորոգումը»,- գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Ավինյանը:
Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանայել ներքին ծախսերի արդյունավետությունը՝ ներգրավելով արտաքին մասնագետների։
«Կարծում եմ՝ արդեն անցել է որոշակի ժամանակ, որպեսզի անդրադառնանք և հասկանանք, թե օպտիմալացման ինչ հնարավորություններ ունենք։ Հավանաբար, այդ ծառայությունը կարտապատվիրակենք, որպեսզի կողքի աչքով վերլուծվեն մեր ներքին գործընթացները, պարզենք, թե որտեղ կան անհարկի մեծ ծախսեր, և անհրաժեշտության դեպքում իրականացնենք դրանց վերաբաշխումը»,- նշել է Ավինյանը։