
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին հարցը գործադիրի նիստի օրակարգում էր:
«Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում»,- ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը, ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։
Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց նաև հաջորդ նախագիծը` Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը. «Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում առավել կամրապնդվի և կխորացվի հարկային մարմնի և տնտեսվարողների գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ կընդգծվի բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների ներդրումը՝ կխրախուսվի հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարումը»,- ասաց ՊԵԿ նախագահը, նշելով, որ Հարկ վճարողի օրը նշվում է ապրիլի 19-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պարտաճանաչ հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ:
Կառավարությունը հաստատեց նախագծերը: