Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա «Համերգ տոտալ մթության մեջ» բացառիկ մշակութային միջոցառումը։ Փառատոնն իրականացվում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
«Համերգ տոտալ մթության մեջ»-ը պարզապես երաժշտական միջոցառում չէ, այլ յուրահատուկ փորձառություն, որի ընթացքում հանդիսատեսը կհայտնվի լիակատար մթության պայմաններում՝ առանց լույսերի, էկրանների և տեսողական այլ ազդակների։
Նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկը դերերի փոխանակումն է։ Հանդիսատեսին մթության պայմաններում ուղեկցելու են տեսողության խանգարում ունեցող անձինք, որոնք այս ընթացքում հանդես կգան որպես վստահելի առաջնորդներ։ Սովորաբար հենց տեսողության խանգարում ունեցող մարդիկ են ստիպված հարմարվել տեսնող մեծամասնության համար ստեղծված միջավայրին, իսկ այս համերգի ընթացքում իրավիճակը փոխվում է․ տեսնող հանդիսատեսն է հայտնվում այնպիսի պայմաններում, որտեղ կողմնորոշվելու և ապահով տեղաշարժվելու համար անհրաժեշտ է ապավինել այլ զգայարաններին և ուղեկցողի օգնությանը։
«Ներառականությունը «ՖՐԵՍԿՈ» փառատոնի կարևոր առաքելություններից է, իսկ այս նախագիծը հնարավորություն է տալիս այդ գաղափարը վերածել անմիջական փորձառության։ Լիակատար մթության մեջ հայտնվելով՝ հանդիսատեսը կարող է ավելի լավ զգալ շրջակա միջավայրի մատչելիության և հարմարեցումների կարևորությունը:Միաժամանակ փորձառությունը հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու առօրյա միջավայրը և ավելի լավ հասկանալու այն մարտահրավերները, որոնց բախվում են տեսողության խանգարում ունեցող մարդիկ»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:
Համերգի ընթացքում հանդիսատեսը չի տեսնելու բեմը և չի իմանալու, թե ովքեր են ելույթ ունեցող երաժիշտները։ Կատարողների ինքնությունը կբացահայտվի միայն համերգի ավարտին՝ լույսերի վառվելուց հետո։ Այսպիսով, ամբողջ ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի միայն երաժշտությունն ու ձայնային փորձառությունը՝ առանց արտաքին տեսքի, բեմական լուսավորության և այլ տեսողական ազդակների ազդեցության։
«Համերգ տոտալ մթության մեջ»-ը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Ճարտարապետների միության դահլիճում՝ Բաղրամյան 17 հասցեում։ Մուտքն ազատ է։
«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը հրավիրում է բոլորին դառնալու այս բացառիկ փորձառության մասնակիցը: