Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում՝ «Արտ լանչ»-ում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները։

Այդ մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը։

«Մասնավորապես՝ հանրային սննդի կառույցի պահեստային մասում, որտեղ կատարվել է միրգ-բանջարեղենի լվացման, կտրատման աշխատանքներ, առկա է եղել շերտավարագույրով առանձնացված հանդերձարանային մաս, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ։ Կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերից՝ սննդամթերքի համար առանձնացված պահման տարածքով, պահեստային մասի հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ և մաքուր վիճակում, պատերի վրա առկա խողովակները ենթարկված են եղել կոռոզիայի, խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ, մաքուր վիճակում, պահեստային հատվածի և խոհանոցի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, հանրային սննդի կառույցի խոհանոցում առկա անմիջապես դուրս բացվող դուռը ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: Կասեցվել է նաև «Ռեդի-Սթեդ ի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը. այստեղ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

Լաբորատոր փորձաքննությունն արձանագրել է, որ այդ արտադրատեսակը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են:

59