Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 25-ին և 27-ին Լոռու և Սյունիքի մարզերում տեղի են ունեցել գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման արարողություններ։
«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Թումանյան և Սիսիան համայնքների բնակավայրերին տրամադրվել է ընդհանուր 24 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ դեգրադացված հողերի վերականգնման և գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման նպատակով։
Լոռու մարզի Թումանյան համայնքի շուրջ ութ բնակավայրերի բնակիչներին տրամադրվել է 12 միավոր խոտ հավաքող կցորդիչ, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք, Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք բնակավայրերին՝ 12 միավոր գյուղատնտեսական կցորդիչ, այդ թվում՝ 6 կուլտիվատոր և 6 սկավառակային հողամշակիչ, ինչպես նաև երկու ռոտորային սերմազտիչ։
Տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա ժամանակին և արդյունավետ իրականացնել անհրաժեշտ ագրոտեխնիկական աշխատանքները, խնայել ժամանակն ու աշխատուժը, նվազեցնել արտադրական ծախսերը և բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետությունն ու որակը։ Սարքավորումների հասանելիությունը նաև կնպաստի գյուղատնտեսական արժեշղթաների և կայուն ու շուկայամետ գյուղատնտեսության խթանմանը։
«Համայնքում տեխնիկայի լուրջ խնդիր ունենք, եղածն էլ մաշված է, չենք հասցնում գյուղատնտեսական աշխատանքներն ավարտել մինչև սեզոնի ավարտը, անձրևները սկսվում են և ամբողջ աշխատանքը ջուրն է լցվում: Հիմա արդեն նոր տեխնիկա ունենք, աշխատանքները պետք է պլանավորենք այնպես, որ բոլորս էլ կարողանանք դրանք օգտագործել մեր կարիքների համար»,-ասում է Աթան բնակավայրի ներկայացուցիչ Տիգրան Քոչարյանը։
Ծրագրի շրջանակում նշված երկու համայնքներում արդեն իրականացվել են հողերի և մարգագետինների վերականգնման ու կայուն կառավարմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Թումանյան համայնքում բարելավվել է 250 հա դեգրադացված արոտավայր և խոտհարք, 48,3 հա վարելահող, ինչպես նաև հիմնվել է 1,2 հա պտղատու այգի՝ որպես ցուցադրական հարթակ և տեղական շահառուների համար եկամուտ ստեղծելու հնարավորություն։
Սիսիան համայնքում բարելավվել է 170 հա դեգրադացված արոտավայր և խոտհարք և 352 հա վարելահող։ Դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների վերականգնման նպատակով իրականացվել է նաև օրգանական պարարտանյութի դրոնային տարածում։
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել նաև գյուղատնտեսական գործունեության և եկամտի աղբյուրների ընդլայնման համար։ Թումանյան համայնքի շահառուներին տրամադրվել է 72 մեղվափեթակ՝ անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով, իսկ Սիսիան համայնքում՝ 48 մեղվափեթակ։ Երկու համայնքներում շահառուներին տրամադրվել են նաև լոլիկի, տաքդեղի և վարունգի սերմեր ու սածիլներ։
Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆերմերներին տրամադրվել են նաև սերմնացաններ, կարտոֆիլի տնկիչներ, խոտի բալեր, ռոտացիոն փոցխիչներ, պարարտանյութի և գոմաղբի տարածիչներ։
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Արա Նախապետյանն ասում է, որ նոր տեխնիկայի ներդրումը համայնքներում և վարչական շրջանում բերում է դրական փոփոխություններ և գյուղատնտեսական աշխուժություն. «Գյուղտեխնիկան մաշվածության խնդիր ունի համայնքները, շահագործման ժամկետները վաղուց լրացել են: Այսպիսի ծրագրերը շատ ողջունելի են, մենք էլ մեր լիազորությունների շրջանակում աջակցում ենք…»։
Համայնքների կարողությունների ամրապնդման և հողօգտագործման կայուն կառավարման մոտեցումներին անցնելու նպատակով ծրագրի շրջանակում մշակվել է կառավարման և ռեսուրսների մոբիլիզացման 12 պլան։
Ընդհանուր առմամբ, մոտ 50,000 հա մարգագետիններ և 6,000 հա մշակովի հողեր ընդգրկվել են կայուն հողօգտագործման և կառավարման պրակտիկաների կիրառման շրջանակում։ Ծրագրի կարևոր ուղղություններից է նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման զարգացումը, ինչը կարող է նպաստել գյուղական համայնքների տնտեսական ակտիվությանն ու եկամուտների ավելացմանը։ Այդ նպատակով շահառու համայնքներում իրականացվել են մարքեթինգի և ագրոբիզնեսի վերաբերյալ վերապատրաստումներ։ Մասնակիցներին ներկայացվել են նաև գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերը՝ դրանցից օգտվելու և դրանք տեղական կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները։
Հողերի արդյունավետ և կայուն մշակության վերաբերյալ իրականացված դասընթացների արդյունքում վերապատրաստվել է շուրջ 1,300 շահառու։
Եվս 600 շահառուի համար նախատեսվում են դասընթացներ, այդ թվում՝ 100 որոշում կայացնողների և 500 ֆերմերների համար՝ Երևանից, Լոռու և Սյունիքի մարզերից։
Առաջիկայում ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել էլեկտրական չորանոցներ, պտղատու տնկիներ, էլեկտրական հովիվներ և վաճառքի տնակներ, ինչպես նաև Թումանյան համայնքում հիմնել ինտենսիվ այգիներ և պանրի արտադրամաս։
«Մենք աշխատում ենք երկու ուղղությամբ, մեկով կանխում ենք հողերի դեգրադացիան, երկրորդով օգնում հողերն օգտագործել ավելի արդյունավետ: Հողերի պարարտացման միջոցով բարձրացնում ենք կենսաբազմազանությունը: Տարիների ընթացքում ավելանում են կերային և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները, զարգանում է մեղվաբուծությունը, որովհետև մշակաբույսերը նպաստում են մեղրի արտադրությանը»,-ասում է ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տեխնիկական մասնագետ Կորոլինա Սթարը։
Ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի միջոցով։



