Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի (ՀԿՏԿ) պատվիրակությունը սեպտեմբերի 7-8-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հրավերով աշխատանքային այց է կատարել Ֆրանսիայի Հանրապետություն։

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանին և պատվիրակությանն ընդունել է Քաղաքական հարցերի և ժողովրդավարական կառավարման հարցերով տնօրեն Նիկոլա Գինարը։ Քննարկվել են ժողովրդավարական գործընթացների համատեքստում տեղեկատվական միջավայրի դիմակայունության ամրապնդման և տեղեկատվական խաթարումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ՖՄԿ-ի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրերին և դրանց կիրառման փորձին, փաստերի ստուգման և մեդիագրագիտության նախաձեռնությունների զարգացման ուղղությամբ աշխատանքներին։ Կողմերը կարևորել են ՀԿՏԿ-ի և ՖՄԿ-ի միջև այս ոլորտներում արդեն իսկ առկա համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել այն խորացնելու ուղղությամբ։

 

ՖՄԿ-ի աջակցությամբ պատվիրակությունը Փարիզում հանդիպել է տեղեկատվական անվտանգության և դիմակայունության ոլորտում գործունեություն ծավալող պետական և հանրային կառույցների, այդ թվում՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության (MEAE) և Ֆրանսիայի տեսալսողական ու թվային հաղորդակցության կարգավորող մարմնի (ARCOM) ներկայացուցիչների հետ։

Համագործակցության հարցերին առնչվող քննարկումներ են կայացել նաև մեդիա և փաստերի ստուգման կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Ֆրանսպրես գործակալության (AFP) և LaReponse.Tech հասարակական կազմակերպության, որը ներկայանում է Askvera.org արհեստական բանականությամբ աշխատող փաստերի ստուգման նախաձեռնությամբ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել ՀԿՏԿ-ի թողարկած Stugel.am բովանդակության ստուգման հարթակը։

 

Երկօրյա այցի քննարկումների առանցքում են եղել տեղեկատվական արդի մարտահրավերները, դրանց հաղթահարման նպատակով պետական կառավարման համակարգի միասնական արձագանքի ապահովման, կառավարություն-հասարակություն երկխոսության և համագործակցության միջոցով հանրային դիմակայունության ձևավորման հարցերը, այդ ոլորտում երկու երկրներում կիրառվող պրակտիկան։ Մտքեր են փոխանակվել թվային հարթակների և մեդիայի կարգավորումների, արհեստական բանականության զարգացմամբ պայմանավորված ոլորտում առաջ եկող նոր հնարավորությունների, տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի և խոսքի ազատության պաշտպանության միջև հավասարակշռության ապահովման թեմայի շուրջ։ Անդրադարձներ են կատարվել նաև տեղեկատվական միջավայրի մշտադիտարկման, սպառնալիքների վաղ հայտնաբերման և դրանց արձագանքման մեխանիզմներին։

162