Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Երևանում կայացած «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով WDN (Կանանց ժողովրդավարական ցանցի) Եվրոպա-Եվրասիա երկօրյա տարածաշրջանային գագաթնաժողովի փակման արարողությանը։

Լիլիթ Մակունցը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել միջազգային հանրապետական ինստիտուտին և կանանց ժողովրդավարության ցանցին Երևանում քաղաքական գործիչների, պետական կառավարման, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին համախմբելու համար։ «Խաղաղությունը մեկ կառույցի պատասխանատվությունը չէ։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը ևս չի կարող լինել մեկ գերատեսչության առանձին հանձնառությունը։ Կայուն խաղաղություն հնարավոր չէ կառուցել միայն դիվանագիտության կամ միայն անվտանգային կառույցների միջոցով։ Այն ձևավորվում է ամբողջ պետական համակարգի աշխատանքով, արտաքին քաղաքականության, արդարադատության, անվտանգության, տնտեսական և սոցիալական քաղաքականությունների, ինչպես նաև պետական ինստիտուտների և քաղաքացիների միջև փոխգործակցության միջոցով», - նշել է Լիլիթ Մակունցը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար այդ օրակարգը սերտորեն կապված է խաղաղության, ժողովրդավարական կառավարման և պետական ինստիտուտների զարգացման Կառավարության առաջնահերթությունների հետ. «Մեր տարածաշրջանը, ցավոք, անցել է հակամարտությունների և անորոշության միջով։ Եվ այդ փորձը մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը չի կարող լինել կամ մնալ միայն քաղաքական նպատակ կամ պարզապես պետությունների միջև համաձայնեցված փաստաթուղթ։ Խաղաղությունը պետք է զգալի լինի մարդկանց առօրյա կյանքում՝ ավելի մեծ անվտանգությամբ, տնտեսական հնարավորություններով և վստահությամբ, որ վաղվա օրն էլ ավելի լավն է լինելու և ավելի կայուն։ Եվ այդ ապագայի ձևավորման գործում կանայք, իհարկե, պետք է ունենան իրական և բովանդակային դեր»։

Լիլիթ Մակունցն ընդգծել է՝ Հայաստանը կարևոր առաջընթաց է արձանագրել պետական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց ներկայացվածության առումով։ Մասնավորապես՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ավելի քան 35%-ը կանայք են։

Անդրադառնալով տնտեսական անվտանգության և կայուն խաղաղության միջև կապին՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ խաղաղությունն ավելի ամուր է, երբ մարդիկ դրա պահպանման մեջ ունեն իրական շահ. «Կանանց համար աշխատանքի, ձեռնարկատիրության, ֆինանսական ռեսուրսների, կրթության և մասնագիտական զարգացման հասանելիությունը՝ խաղաղության և անվտանգության օրակարգից առանձին հարցեր չեն։ Տնտեսական ինքնուրույնությունը բարձրացնում է անձի դիմակայունությունը, ամրապնդում համայնքը, ընտանիքը և ընդլայնում հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները»։

Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ վերջին տարիներին աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս ցույց են տվել կանանց առանցքային դերը ոչ միայն խաղաղության կերտման, այլ նաև ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման և հասարակության դիմակայունության ապահովման գործում։ «Եվ կարևոր է հիշել, որ խաղաղության կերտման աշխատանքը, իհարկե, չի ավարտվում համաձայնագրերով։ Դրան հաջորդում են իրականացման, հաշտեցման, համագործակցության, տնտեսական կապերի և հասարակությունների միջև վերականգնման երկար փուլերը», - շեշտել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Ամփոփելով ելույթը՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կանանց մասնակցության և առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս։

Սեպտեմբերի 15-ից մեկնարկած գագաթնաժողովին մասնակցել են 13 երկրներից կին առաջնորդներ, խորհրդարանականներ, քաղաքականություն մշակողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և մասնագետներ։ Երկու օրերի ընթացքում ծավալվել են քննարկումներ հինգ թեմատիկ ուղղություններով՝ հաշտեցում և համայնքային խաղաղաշինություն, պաշտպանություն և անվտանգության ոլորտի բարեփոխումներ, սոցիալ-տնտեսական զորեղացում և վերականգնվող տնտեսություններ, ցանցային աշխատանք, երիտասարդություն և քաղաքացիական դիմակայունություն, ինչպես նաև խաղաղության օրենսդրական ապահովում:

79