Դասավանդման ընթացքում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ) գործիքների կիրառումը խթանելու նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում շարունակվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կազմակերպած հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները: 2020 թ.-ի ընթացքում առցանց ՏՀՏ վերապատրաստումներ են իրականացվել շուրջ 1200 ուսուցչի համար:

Համավարակով և առկա վերապատրաստումների անցկացման հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ 2020 թ.-ից համապատասխան փոփոխություններ են իրականացվել վերապատրաստման մոդուլների բովանդակության և ժամանակացույցի մեջ: Ըստ այդմ՝ հնգօրյա առկա վերապատրաստումները տասը օրվա ընթացքում իրականացվել են առցանց՝ միաժամանակ 12 խմբերում։ Առցանց վերապատրաստումներն անխափան իրականացնելու համար ձեռք է բերվել «Zoom» ծրագրային հավելվածը։

Ավարտական մանկավարժական սցենարների պատրաստում, հետաքրքիր, հարուստ բովանդակությամբ նախագծեր, թիմային աշխատանք, վերջնական ստուգիչ թեստ, ամպային տեխնոլոգիաների հետ ծանոթացում. մանկավարժները փաստում են, որ սրանք վերոնշյալ վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքների միայն մի փոքր մասն են:

«Մենք չենք մերժում ավանդականը, մենք այն համադրում ենք նոր մոտեցումներով՝ ստանալով մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետություն, գրավիչ դաս, հետաքրքիր ու մոտիվացնող կրթություն, դասին աշակերտների գրեթե 100 տոկոս ներգրավվածություն»,- վկայում են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի և հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչները:

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների ուսումնասիրած գործիքների միջոցով պատրաստված դասերի տեսակավորում՝ ըստ առարկաների: Այդ ռեսուրսները՝ հարցաշարեր, տեսադասեր, վիկտորինաներ, տեղադրված են ԾԻԳ-ի հեռավար ուսուցման թվային էլեկտրոնային նյութերի պահոցում՝ http://icttraining.armedu.am/, որտեղ ազատ մուտք կարող են ունենալ նաև չգրանցված ուսուցիչները` «հյուր» կարգավիճակով: Էլեկտրոնային նյութերի պահոցում ներկայումս հասանելի է ավելի քան 500 կրթական նյութ։

ՏՀՏ վերապատրաստումները կշարունակվեն նաև 2021 թվականին:

 

206