Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ առաջիկա տարում կարող են զգալիորեն հաճախանալ արհեստական բանականության կիրառմամբ կիբեռհարձակումները։ Ըստ նրա, անմիջական վտանգը կապված է ոչ այնքան ԱԲ-ի վերահսկողությունից դուրս գալու հնարավորության հետ, որքան այն բանի, որ չարամիտ անձինք օգտագործում են ժամանակակից մոդելները՝ առանց պաշտպանական սահմանափակումների։

«Հավանաբար, հաջորդ տարում առավել նկատելիորեն իրեն կդրսևորի կիբեռհարձակումների ուղղությունը», - ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Գեյթսը։

Նա ընդգծել է, որ արհեստական բանականության անվերահսկելի զարգացման վտանգը, որը կարող է լայնածավալ բացասական ազդեցություն ունենալ, հատկապես արդիական կդառնա միայն մի քանի տարի անց։ Իսկ այժմ հիմնական սպառնալիքը ներկայացնում են այն մարդիկ, որոնք միտումնավոր օգտագործում են տեխնոլոգիան՝ ուրիշներին վնասելու համար։

«Իրական վտանգը հենց հիմա այն չէ, որ ԱԲ-ն դուրս կգա վերահսկողությունից։ Մենք պետք է աշխատենք այդ խնդրի վրա, բայց իրադարձությունների նման զարգացման լուրջ հետևանքները կդրսևորվեն միայն մի քանի տարի անց», -նշել է Բիլ Գեյթսը։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է խստացնել այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ԱԲ-ի օգտագործմանը կիբեռհարձակումների և բիոտեռորիզմի համար։ Գեյթսը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ համակարգեր թույլ են տալիս անջատել ներկառուցված անվտանգության մեխանիզմները։

«Երբ կան չարամիտ անձինք, պաշտպանական մեխանիզմների բացակայություն և նորագույն մոդելներ, ապա հաջորդ տարվա ընթացքում, նախևառաջ կիբեռանվտանգության ոլորտում, մեզ սպասում են բավականին շատ տհաճ անակնկալներ», - նախազգուշացրել է նա։

Գեյթսը նաև քննադատել է այն մոտեցումը, ըստ որի արհեստական բանականություն մշակող ընկերությունները կարող են ինքնուրույն կարգավորել դրա կիրառումը՝ առանց հանրային վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների։ Նման մոտեցումը նախկինում աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երբ խոսքը վերաբերում է մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենավտանգավոր տեխնոլոգիային, հենվել բացառապես հենց ընկերությունների վրա՝ որպես հասարակության վերահսկողության միակ մեխանիզմի, ակնհայտորեն բավարար չէ», -հայտարարել է Microsoft-ի համահիմնադիրը։

Օգոստոսին Գեյթսն արդեն նախազգուշացրել էր, որ աշխարհը բավարար չափով պատրաստ չէ այն լայնածավալ փոփոխություններին, որոնք կբերի արհեստական բանականության զարգացումը։ Ամենալուրջ հետևանքների թվում նա առանձնացրել էր տեխնոլոգիայի հնարավոր ազդեցությունը զբաղվածության վրա։

154