Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցությունը Թուրքիայի քաղաքական շրջանակներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և զերծ մնալ երկրի ներքին գործերին միջամտելուց։

Կուսակցության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հետ կապերով հայտնի հարթակներում, Ադրբեջանի վերաբերյալ տարածվում են իրականությանը չհամապատասխանող, կողմնակալ և զրպարտչական տեղեկություններ։

Կուսակցությունը նշել է, որ մինչ այժմ զսպվածություն է ցուցաբերել՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունները և երկու կուսակցությունների միջև գործընկերությունը։ Սակայն, ըստ հայտարարության, վերջին շրջանում Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավն ավելի ագրեսիվ և համակարգված բնույթ է ստացել, որին միացել են նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող կուսակցության պատգամավորներ։

Հայտարարության մեջ «Ենի Ադրբեջանը» մերժել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների խեղաթյուրման փորձերը՝ ընդգծելով, որ դրանք հիմնված են միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա։ Կուսակցությունը նաև նշել է, որ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքներին և պաղեստինյան հարցի՝ «երկու պետության» սկզբունքով կարգավորմանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ներքին քաղաքականությանն ու կրթական համակարգին՝ կուսակցությունն ընդգծել է, որ երկիրը սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, իսկ դավանանքի ազատությունը երաշխավորված է։ Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ կրոնական և աշխարհիկ արժեքների շուրջ հարցերի օգտագործումը քաղաքական մանիպուլյացիաների կամ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով անընդունելի է։

«Ենի Ադրբեջանը» նաև ընդգծել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի կարող հիմք ծառայել մի պետության՝ մյուսի ներքին գործերին միջամտելու կամ սեփական քաղաքական ու գաղափարական մոտեցումները պարտադրելու համար։

Կուսակցությունը Թուրքիայի քաղաքական շրջանակներին, հատկապես՝ բարձր պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչներին, կոչ է արել պատասխանատու լինել իրենց հայտարարություններում և հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը՝ խուսափելով ադրբեջանա-թուրքական հարաբերություններին վնասող քայլերից։

77