Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Մանավազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։

Հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Հակոբյանը և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը: Կարևոր ձեռքբերում է համարվել երկու երկրներում դեսպանատների բացումը, ինչն իր հերթին փոխգործակցության խորացման լրացուցիչ խթան է: Գոհունակությամբ է ընդգծվել այն փաստը, որ երկու պետությունների միջև ձևավորված են բարձր մակարդակի հարաբերություններ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Խորհրդարանական օրակարգի առաջմղման համատեքստում կարևորվել է փոխայցերի ակտիվացումը, ընդգծվել միջազգային հարթակներում Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը։

Նշելով, որ Կիպրոսը սատարում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը՝ դեսպանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացի մանրամասներին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Անդրադարձ է եղել երկու երկրների գործակցության ընդլայնմանը, հատկապես՝ տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում։

93