Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COP17 համաժողովի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», հատկապես արդիական է մեր օրերում, երբ սրվում են կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի աղտոտման և կենսաբազմազանության կորստի գործընթացները։ Այս մասին COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության նվազումը պետական սահմաններ չեն ճանաչում։ Այս գլոբալ խնդիրների լուծումը պահանջում է միջազգային համագործակցության ամրապնդում և բոլոր երկրների ջանքերի համախմբում։ Այս համատեքստում Ղրղզստանը հատուկ նշանակություն է տալիս կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրին (Կունմին-Մոնրեալի շրջանակային ծրագիր) և շարունակում է ձեռնարկել կոնկրետ քայլեր դրա իրականացման ուղղությամբ։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի՝ «Երևանյան հարթակ կենսաբազմազանության, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի համար» նախաձեռնության աջակցությունը, ինչպես նաև հայտարարել այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունենալու մեր պատրաստակամության մասին»,- նշել է Ժապարովը։
Նրա խոսքով՝ գլոբալ տաքացման հետևանքով Կենտրոնական Ասիայում սառցադաշտերը հալվում են, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում լեռնային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանման համար։
«Այս հրատապ խնդիրը լուծելու նպատակով Ղրղզստանը միջազգային հանրությանն առաջարկում է դիտարկել չորս առանցքային նախաձեռնություն։ Նախ՝ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի շրջանակում ստեղծել հատուկ լեռնային ծրագիր, որը կհեշտացնի լեռնային երկրների հասանելիությունը միջազգային դրամաշնորհներին և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներին։ Երկրորդ՝ Բիշքեկում ստեղծել լեռնային շրջանների կայունության ապահովման գլոբալ կենտրոն։ Այդ կենտրոնը կնպաստի լեռնային տարածաշրջանների համար կլիմայական ֆինանսավորման ոլորտում նախագծերի պատրաստմանը, ինչպես նաև կզբաղվի տվյալների հավաքագրմամբ և գիտական հետազոտություններով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի սառցադաշտերի ուսումնասիրմանը, որոնք ջրով ապահովում են երկրագնդի բնակչության կեսին։ Երրորդ՝ ներդնել արտաքին պարտքի փոխանակման մեխանիզմներ բնության պահպանության պարտավորությունների դիմաց («պարտք՝ բնության դիմաց»)»,- ընդգծել է Ժապարովը։