«Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին հրապարակել է իր կայքում հոդված, որում կոշտ քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Փաստորեն, Յավլինսկին հայտարարել է, որ ժողովրդավարության ուղղությամբ տրամադրված քաղաքացիները, որոնք ցանկանում են փոփոխություններ դեպի լավը, Նավալնիի հետ նպատակին չեն հասնի, քանի որ նրա քաղաքականությունը նույնպես կհանգեցնի «վախի եւ ճնշումների մթնոլորտին», հաղորդում է ՄԿ-ն:

 

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում Նավալնիի գործունեության մասին՝ Յավլինսկին նշում է, որ նրա «բացահայտող» ֆիլմերն ուղղված են «տարրական սոցիալական տարբերությունների զարգացմանը»:

«Կոռուպցիայի դեմ իսկական պայքարը գողություն արած պաշտոնյանների կալվածքների՝ դրոններով նկարահանումը չէ, այլ քաղաքական պայքար է հանուն նոր ռուսական պետության»,-ասում է Յավլինսկին:

Նա նաեւ մեղադրում է Նավալնիին պոպուլիզմի եւ նացիոնալիզմի մեջ: Ի պաշտպանություն իր խոսքերի՝ նա մեջբերել է 2011 թվականին Վալերի Նովոդվորսկիի արտահայտած կարծիքը. «Նավալնին կարող է դառնալ խելագարված ամբոխների ապագա առաջնորդը, ընդ որում՝ անգամ նացիստական ուղղվածությամբ»:

Յավլինսկին նախազգուշացնում է, որ եթե ամբոխները հետեւեն Նավալնիին, ապա ապագայում երկրին ֆաշիզմ է սպասվում: «Ալիքը, որն այժմ բարձրանում է, բարձրանում է բնավ ոչ միայն Պուտինի դեմ: Այն բարձրանում է հանուն Ռուսաստանի ոչ ժողովրդավար ապագայի: Այն բարձրանում է հանուն անցած կոմունիզմի կամ ապագա ֆաշիզմի: Եւ Նավալնին այդ նոր վախճանի պոտենցիալ առաջնորդներից մեկն է»,-գրում է Յավլինսկին:

Նա նաեւ մեղադրում է Նավալնիին եւ նրա շրջապատին, որ վերջիններս կոտրում են ռուսաստանցիների ճակատագրերը, որոնք նրանց կոչով մասնակցում են չարտոնագրված հանրահավաքներում եւ արդյունքում հայտնվում ճաղերի հետեւում:

 

Աղբյուր՝ news.am

290