Փետրվարի 9-ին Սյունիքի մարզկենտրոնի՝ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրից Հայոց բանակ ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներին՝ Կապան և Քաջարան համայնքներից։ Ներկա էին մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, ազատամարտիկներ, հոգևոր այրեր, նորակոչիկների հարազատները։

 

Տղաներին դիմավորեցին Խուստուփի ներքո ծածանվող եռագույնով, ճանապարհեցին՝ Գ․Նժդեհի հորդոր-խոսքերով։ Իսկ հնչող ելույթներում ու օրվա տրամադրության մեջ նախևառաջ խոնարհումն էր վերջին պատերազմում ընկած հերոսների հիշատակին, նաև պատգամը՝ շարունակել նրանց գործը՝ հայրենիքին անձնուրաց ծառայությամբ։

 

Ներկաներին օրհնեց Վահանավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։

 

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, փոխանցելով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի բարեմաղթանքները, նշեց, որ նկատում է ծնողների մտահոգությունը, բայց նրանք պետք է հպարտ լինեն, որ հայրենիքին ծառայելու պատրաստ զավակներ են դաստիարակել, և խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ ցանկացավ նորակոչիկներին։

 

Տղաներին ողջունեցին ու բարի ծառայություն մաղթեցին նաև Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար, ՀՀ ազգային հերոս գնդապետ Գարեգին Պողոսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար փոխգնդապետ Վահե Աղալարյանը։

 

Ստորաբաժանման կողմից նաև շնորհակալագրեր հանձնվեցին 2020-ի Արցախյան պատերազմում իրենց ծառայությամբ աչքի ընկած պահեստազորայիններին։

 

Իսկ զորակոչիկները, ծաղիկներ դնելով Գ․Նժդեհի շիրմին, ուղևորվեցին կենտրոնական հավաքակայան։

 

 

 

 

09 Փետրվար, 2021 13:25
195
; ;