Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշում կայացնելուց հետո կիսվել է տպավորություններով։

 

«Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:

 

Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը: Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:

 

Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները»,- Էդուարդ Սպերցյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականին կմիանա մարտին՝ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

 

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդարում:

 

2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

 

2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:

 

2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

 

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

477