Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ արդեն 2020 թվականի սուբվենցիայով իրականացվում էին բակային հատվածի կառուցման և ինժեներական ցանցի անցկացման աշխատանքներ:

Գեղաշենի համայնքապետարանից հայտնել են, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ շինաշխատանքները տեղափոխվել են այս տարի և ամենամոտ ժամանակահատվածում կավարտվեն:

Ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է բակային տարածքը. կառուցվում է ցանկապատ, խաղահրապարակ, որից հետո կիրականացվի կանաչապատում:

Ի դեպ, մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

Գույքի ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման: Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար:

23 Փետրվար, 2021 00:14
257
; ;