
Հստակ ասեմ, Երևան քաղաքի բնակիչները պետք է դիմեն թաղապետարան, որովհետև թաղապետարաններն են փաստաթղթերի ընդունման, քաղաքացիներին սպասարկելու կետերը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատերազմի մասնակիցները որտեղ պետք է դիմեն, որպեսզի ստանան փոխհատուցում, անդրադարձ կատարելով թաղապետարանների կողմից դիմումների չընդունման հարցին:
«Եթե կա կոնկրետ դեպք, որ մարդիկ գնացել ու դիմել են, բայց չեն ընդունել, խնդրում եմ այդ փաստի մասին ուղարկեն մեզ էլփոստով՝ info@1000+.am կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին` նշելով կոնկրետ փաստը, թե որ քաղաքացու դիմումը չեն վերցրել և որ թաղապետարանը, որպեսզի մեղադրանքը մերկապարանոց չհնչի: Եվ մենք կարողանանք աշխատել տվյալ թաղապետարանի հետ և խնդրել, որ դիմումները վերցնեն»,- ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը:
Ավետիքյանը նաև նշեց՝ եթե դիմումները չեն վերցնում, ապա ինչպես ենք 1111 դիմում ստացել և հատուցումներ կատարել: