Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նախօրեին առանձին լրատվամիջոցներ հրապարակել էին ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և այլ անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի մի լուսանկար, և, հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագաին վերաբերող քրեական գործով վերջինիս մեղադրող լինելու հանգամանքը, արել ենթադրություն, թե միգուցե նրանք քննարկում են նեքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հա՞րցը:

Ավելի ուշ, նույն լուսանկարի վկայակոչմամբ, առանց որևէ աղբյուր նշելու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունն էր տարածվում առ այն, թե իբր նրա հետ քաղաքական իշխանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում՝ համոզելու, որ նա «ինքնուրույն որոշում կայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ գործ հարուցելու» վերաբերյալ և այլն:

 

Նախ՝ այդ լուսանկարի շուրջ կոնսպիրոլոգիական ու քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք ու առիթ չկա:

 

Լուսանկարն արվել է Ծաղկաձորի «Ararat rezort» հյուրանոցում, այլ ոչ թե ինչ-որ ռեստորանում, որտեղ Գևորգ Բաղդասարյանը գտնվել է՝ հրավիրված լինելով մասնակցելու ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ

քննարկումներին:

 

Ընդ որում, այդ քննարկումներին մասնակցել են ոչ միայն նշված հանձնաժողովի նախագահը և այլ անդամ-պատգամավորներ, նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ, այլ նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ՀՔԾ-ից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ինչպես նաև՝ դատավորներ:

 

Ի դեպ, ընդմիջման պահին արված լուսանկարում սեղանի շուրջ, բացի Գևորգ Բաղդասարյանից և Վլադիմիր Վարդանյանից, ներկա են նաև դատավոր և ներկայացուցիչ Ոստիկանությունից:

 

Բնականաբար, նույնքան «արժանահավատ» են նաև Գևորգ Բաղդասարյանի՝ ինչ-որ անհեթեթ բանակցությունների մեջ գտնվելու մասին տեղեկությունները: Նրանք, ովքեր ճանաչում են Գևորգ Բաղդասարյանին, շատ լավ գիտեն, որ նա մասնագիտական և պաշտոնեական հարցերում բանակցություններ չի վարում, իսկ քրեական հետապնդմանն առնչվող հարցերում առաջնորդվում է միայն օրենքի տառով և իրավունքով»:

 

01 Մարտ, 2021 10:27
269
; ;