«Երբ մեծանամ, գնալու եմ ասեմ, որ  Կարապետյան Վարդանի տղան եմ: Գնալու եմ հորս զենքով թուրքերին խփեմ»: Սրանք արցախյան երկրորդ պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Վարդան Կարապետյանի որդու խոսքերն են: Ալեքսն ամեն օր է ասում, որ շարունակելու է հոր գործը`պաշտպանելու է մեր հայրենիքը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցի ժամանակ պատմեց Վարդանի այրին` Մարիամ Վանոյանը:

Մարիամը հիմա երկու մանկահասակ երեխաների հետ ապրում:

Վարդանն ու Մարիամը ծանոթացել են Հրազդանում: Ճակատագրական հանդիպումը նոր ընտանիքի ստեղծման առիթ դարձավ` ամուսնացան: Վարդանը  Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղից էր: Ամուսնանալուց հետո անցավ պայմանագրային ծառայության` մեկ ամիս Քարվաճառում էր, երկու ամիս` տանը: «Տղաս` Ալեքսը, շատ էր դեմ ընկնում: Անընդհատ հարցեր էր տալիս: Էլենը դեռ փոքրիկ է, համ էլ ամեն օր տեսազանգով խոսում էինք: Ալեքսն անընդհատ ասում էր` պապ, ինձ էլ տար քո հետ,- պատմում է Մարիամը։- Երբ ամուսինս տանն էր լինում, որդու հետ շատ էր խոսում: Ալեքսն անընդհատ հարցեր էր տալիս: Ասում էր՝ պապ, մի քիչ պատմիր դիրքից, բանակից, բայց Վարդանը ոչ մի բառ չէր պատմում: Ասում էր` բալես, դու լավ սովորի, որ մեծանաս, քեզ կտանեմ, ամեն ինչ քո աչքերով կտեսնես: Մեր աղջկան մի ուրիշ սիրով էր սիրում: Հերթական անգամ դիրքեր բարձրանալիս ասում էր, որ Էլենին պիտի հետը վերցնի, շատ էր կարոտում աղջկան»:

Մարիամը ամուսնու մասին անցյալ ժամանակով չի խոսում, ասում է՝ հայրենասեր, լուրջ, ազնիվ, մարդամոտ, շրջապատում շատ սիրված, չափից դուրս կարգապահ մարդ է ամուսինս, ապա հիշում, թե ինչպես էր աշխատանքի մեկնելուց առաջ մեկ շաբաթ պատրաստվում, որ ամեն ինչ ճիշտ լինի: «Իդեալական ամուսին, իդեալական հայր, նվիրված, շատ նվիրված իր ընտանիքին: Շատ էր սիրում Հայրենիքը, ինչը կապված էր բանակի, զինվորական կյանքի հետ՝ սիրում էր: ՈՒ այդպես անմնացորդ նվիրվեց իր գործին: Նախ էլի պիտի ասեմ, որ Վարդանի համար Հայրենիքը ամեն ինչ էր: Նրա նպատակն էր երեխաներին մեծացնելը, լավ ուսումի տալը: Միշտ ասում էր` լավ ապրելու համար պետք է լավ սովորել: Նրա ամեն րոպեն իր երեխաներն էին, նրանց ապագան: Ալեքսը հետևում է հոր խորհրդին` լավ է սովորում»:

Վարդանի այրին պատմում է, որ երբ պատերազմն սկսվեց, ամուսինը Երևանում դասընթացների էր: Դիպուկահար էր: Սեպտեմբերի 28-ին շտապ մեկնեց ռազմաճակատ: «Վարդանը զոհվել է հոկտեմբերի 10-ին` մեր աղջկա ծննդյան օրը,- մի պահ լռում է, խոր հոգոց է քաշում, ապա շարունակում.- «Ամեն օր խոսում էինք: Նույնիսկ հոկտեմբերի 9-ին էլ ենք խոսել: Պատերազմից` ոչ մի բառ: Աղջկա ծնունդից էր խոսում: Ասաց` ես չեմ կարող գալ, բայց երեխայի ծնունդն այնպես կազմակերպի, որ մի լավ ուրախանա»:

Վարդան Կարապետյանը դիտակետում է եղել, թշնամին արկ է արձակել: Պայթյունից ոտքը կտրվել է: Զինակից ընկերները օգնության են հասել, բայց չեն կարողացել փրկել կյանքը: Արնաքամ է եղել ճանապարհին...

«Երբ դեպքը տեղի ունեցավ, երեխաները տանն էին: Երկու շաբաթով տնից տարանք:  Ալեքսին ասացի` ուզո՞ւմ ես պապային վերջին անգամ տեսնես, որ հետո էլ չենք տեսնելու: Ասեց` մամ, ես լսել եմ` պապան մահացել է: Ասեցի` չէ, բալես, պապան հրեշտակ է դարձել: Ասեց` չէ, ես գիտեմ, որ մահացել է... ՈՒ  հիմա էլ, որ ասում եմ գնանք պապայի գերեզմանին, ասում է` չէ, ես տանը նկարին նայում եմ ու  խոսում եմ պապայիս հետ»,- հուզված պատմում է Մարիամը:

 «Առանց Վարդանի այնքան դատարկություն կա, ամեն ինչ կիսատ մնաց: Ալեքսն ամեն օր ասում է, որ շարունակելու է հոր գործը: Քանի որ Էլենը դեռ փոքրիկ է ու շատ բան չի հասկանում, ես պիտի պատմեմ նրան հոր մասին, թե ինչքան շատ էր սիրում իրեն: Ասելու եմ, որ իր հայրը հերոս է, որ ինքը կյանքը տվեց, որ մենք լավ ապրենք, որ հենց Էլենի համար է իր կյանքը տվել»:

Հիշեցնենք, որ կամավորական Ստեփան Հակոբյանն էլ զոհվել էր իր ծննդյան օրը:

Հայկ Մագոյան

 

 

 

01 Մարտ, 2021 11:33
3640
; ;