Փետրվարի  28-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկը մարդ է մտել, հնարավոր է՝ գողություն է անում։ Հինգ րոպե անց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Արագ արձագանքման արդյունքում տուն մտած տղամարդը տեղում բռնվեց։ Պարզվեց  ինքնությունը՝ Քաջարանի բնակիչ էր, 64 տարեկան։ Դեպքի վայր գնացին նաև տարածքային նախաքննական մարմնի ծառայողները։ Դեպքի վայրում կատարված քննչական գործողությունների ընթացքում պարզվեց, որ 64-ամյա տղամարդը ապօրինի մուտք էր գործել տան հողամաս, ապա մտել ներս, տակնուվրա արել տունը։ Ընդ որում, արդեն երրորդ անգամ էր մտնում նույն տուն։ Այս դեպքում գողությունը դարձավ փորձ, քանի որ Արտաշատի ոստիկանները հանցանքի վայրում բռնեցին նրան։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

01 Մարտ, 2021 13:21
104
; ;