ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր ցույցերից մեկի ժամանակ Յուրի Խաչատուրովի՝ գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությանը հայտնած համախոհությանը: Պատգամավորը նշեց, որ ԳՇ նախկին պետը իր ելույթը սկսել է «ազգ-բանակ-հաղթանակ» կոչերով՝ նշելով, որ կարգախոսն ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հիմքում, որոնցում իր ներդրումն է ունեցել նաև Խաչատուրովը և այլ գեներալներ:

«Բայց այդ կարգախոսը փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, և տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ բանակ ներթափանցեցին անտարբերություննն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016-ի ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր:

Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը փաստորեն ողջունում է դրանք: Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ նախքան ԳՇ հայտարարությունը, ընդդիմությունը նաև բանակի գեներալիտետին էր մեղադրում պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը:

Բանակը այս պահին պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և ԶՈՒ ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծեց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ մեզ համար գլխավոր խնդիրը ներքին անվտանգության ու կայունության ապահովումն է:

1lurer.am

02 Մարտ, 2021 17:13
119
; ;